Այս էջը հաստատված է

ԺԲ

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ առավոտ քույրս և փեսաս գնացին Լուսինյանների տունը՝ Մարգարիտայի համար խնամախոսելու։ Տիկին և պարոն Լուսինյանները, հայտնել էին, որ իրենք արդեն սպասում էին այդ առաջարկությանը, ուստի մեծ ուրախությամբ ընդունելով այն, խոստացել էին տալ ինձ իրենց դստեր ձեռքը։ Այդ միևնույն օրը ես հրավիրվեցա Լուսինյանների տունը և ես գրեթե ամբողջ օրը նրանց մոտ անցուցի:

Մյուս ավուր երեկոյան պետք է կատարվեր նշանադրության հանդեսը։ Բայց մինչև որ այդ ժամը կհասներ, ես անհանգստությունից տանջվում էի։ Մարգարիտայի փոքրիկ անցյալին ծանոթանալուց ետ դժվար չէր ինձ գուշակել, որ մեր այդ բարեկամությունը պատեր֊Սիմոնի համար շատ անախորժ պիտի լիներ. հետևապես ցանկանում էի, որ այդ պաշտոնական արարողությունը, որին նշանադրություն են անվանում, կատարվեր որքան կարելի է շուտ, որպեսզի պատեր֊Սիմոնը յուր ներկայությամբ չխանգարեր մեզ։ Դժբախտաբար այն ժամադրությունը, որ նշանադրության համար նշանակել էին Լուսինյանները, նպաստում էր իմ անհանգսության ավելանալուն, որովհետև հենց այդ երեկոյան է պատերը պիտի վերադառնար յուր ճանապարհորդությունից:

Ես հավատում էի, որ նշանադրությունը կատարվելուց ետ, նա էլ ոչնչով մեզ խանգարել չէր կարող։

Ցանկալի երեկոն մոտենում էր։ Մարգարիտայի և յուր ծնողաց պատվույն վայել պատրաստությամբ մենք սպասում էինք վերջնական հրավերին։ Մեր տան մեջ հավաքվել էին իմ քրոջ և փեսայի բարեկամներից և բարեկամուհիներից շատերը: Այդտեղ եկավ և Հովհաննես քահանա Մարանջյանը յուր կնոջ և դստեր հետ: Ես ծանոթացա նրա հետ առաջին անգամ մեր տան մեջ:

Սա մի բարձրահասակ, վայելչակազմ, փառավոր մորուքով և քաղցր ու ամոք դեմքով քահանա էր մոտ քառասուն և հինգ տարեկան։ Առաջին անգամ նրա վերա նայելով՝ մարդ