կամա ակամա մի խորին երեկյուղածություն և պատկառանք էր զգում։ Նրա ձայնը, խոսակցությունը և ժպիտը կազմում էին մի քաղցր և գրավիչ ներդաշնակություն. նրան կարելի էր ժամերով լսել և երբեք չձանձրանալ։ Տեր-հոր խոսակցության նյութը իմ և Մարգարիտայի միությանն էր վերաբերում։ Բոլորին հայտնի էր, որ ես հայադավան էի, իսկ իմ հայ հարսնացուն կաթոլիկ: Ներկա եղողներից մինը, որ խիստ ջերմեռանդ էր, բայց երիտասարդական ոչինչ չուներ յուր վերա, անհաջող էր գտել իմ ընտրությունը, ըստ որում յուր կարծիքով ես մեծ սխալմունք էի գործում օտարուհվո հետ ամուսնանալով:
— Նրանցից ոչ մինը օտար չէ մյուսի համար,— ասում էր տեր-հայրը։ — Երկուսն էլ միևնույն ազգի անդամներ են. երկուսն էլ հայ ծնողաց զավակներ են: Եթե բախտի բերմունքով նրանք այսօր առանձին են աղոթում, եթե նրանցից մեկը տեր-Հովհաննեսին է դիմում յուր հանցանքը խոստովանելու և մյուսը պատեր-Սիմոնին, եթե մեկի հոգվո փրկության համար հայ եկեղեցին է բարեխոսում և մյուսի համար կաթոլիկ՝ այդտեղ նրանք հանցանք չեն գործում։ Ի՛հարկե, ավելի ցանկալի կլիներ, որ ազգով հայ մարդը յուր ազգային եկեղեցին ճանաչեր, յուր հնադարյան ավանդությանը հավատարիմ մնար, յուր եղբայրների հետ միասին միևնույն տաճարում ծնվեր, ապրեր և մեռներ։ Բայց քանի որ աշխարհում գոյություն ունի համոզմունքների տարբերությունը, քանի որ բախտի ձախող բերմունքով ազգի կրոնական ամբողջությունը բաժանված է մի քանի մասերի, և դեռ ևս անծանոթ է աշխարհին այն գերբնական ուժը, որ կարողանար կրոնով միմյանցից տարբեր մասերը մի ակնթարթում միացնել և ի մի ձուլել, անհրաժեշտ է ուրեմն, որ մենք չհալածենք միմյանց, որ մենք չատենք և չարհամարհենք իրար։ Կաթոլիկ և բողոքական հայերը, եթե միայն իրենք իրենց հայ անվանելուց չեն խորշում, նույնչափ հայ են, որքան և հայադավան հայերը. ինչու՞ համար չսիրել նրանց նույնչափ, որչափ սիրում ենք մեր դավանակիցներին։ Եթե մի հայադավան աղջիկ և մի հայ-կաթոլիկ երիտասարդ սիրում են միմյանց, ինչո՞ւ համար խանգարել նրանց սերը, ինչու՞ չթողնել նրանց