Այս էջը հաստատված է

—Ես կամենում էի ձեզ տեսնել, — ասաց ինձ պ. Կլեմեսը, — և ուրախ եմ որ այստեղ պատահեցանք:

—Շնորհ արեք. ինչով պիտի ծառայեմ ձեզ:

—Ես եմ կամենում մի ծառայութուն անել ձեզ, — ասաց նա, — լսեցեք ինձ:

Մենք նստանք մի հովանավոր ակաթենու տակ, նստարանի վերա:

—Դուք կարո՞ղ եք հավատալ իմ անկեղծությանը. — հարցրեց նա:

—Ես վստահ եմ ձեր վերա, խոսացեք,—պատասխանեցի ես:

—Ձեր ամուսնության գործը վատ կերպարանք է առնում,—ասաց նա,— պատեր-Սիմոնը նորանոր մեքենայություններ է լարում ձեր դեմ: Ես իբրև երիտասարդ մարդ և կրոնական մոլեռանդության ատեցող՝ կամենում եմ զգուշացնել: Ես ձեզ և օրիորդ Մարգարիտային հարգուն եմ և չէի, կամենալ, որ դուք թշվառանայիք:

—Դուք ինձ կատարելապես պարտավորեցնում էր, պարոն, չգիտեմ ինչով եմ արժանացել ձեր ուշադրությանը,—բացականչեցի ես:

— Գիտե՞ք որ «բոլոր դևերը չար չեն», —ասաց նա ժպտալով, —ես բախտի բերմունքով կաթոլիկ կղերի կոչումն եմ առել ինձ վրա և մտել այս սքեմի տակ, բայց երիտասարդությունը դեռ ամբողջապես չէ մեռել իմ մեջ: Ես դեռ կարող եմ մի բանով օգնել ձեզ, մանավանդ որ ես արդեն պաշտոնի հրաժարված եմ:

Այստեղ արդեն ամեն բան պարզվեցավ ինձ համար. ուրեմն Կլեմեսը վիրավորված էր այդ մարդիկներից և այդ է պատճառը, որ նա առաջարկում էր ինձ յուր նոր բարեկամությունը: Ես այժմ ավելի վստահությամբ կարող էի նրան լսել:

—«Այն օրը, որ ձեր նշանադրությունը կատարվում էր, —շարունակեց նա,— պատեր-Սիմոնը վաղուց արդեն տան մեջ նստած էր. նա ամեն բան գիտեր: Միայն այնքան ուշ ձեզ մոտ գալը նրա համար էր, որ ամեն բան կազմ և պատրաստ լինելուց ետ ինքը գար և խափաներ, որպեսզի յուր հաղթությունւ և հայադավանների խայտառակությունը կատարյալ