Այս էջը հաստատված է

Իմ չարագործության լուրը արդեն հեռագրով հասել է սրբազան պապի ականջը։ Եվ նա, որ մի օր օրհնել էր ինձ և որի օրհնությամբ ես այսքան տարի բախտավոր էի ապրում, այժմ, ինչպես ինքը քարոզիչն է պատմում, անիծել է ինձ և իմ բոլոր ընտանիքը։ Ես հաստատ գիտեմ, որ մի քանի օր չանցած ես կդժբախտանամ, և ինձ հետ միասին էլ իմ անունը և ընտանիքը կկործանվի։ Այս բավական չէ, դեռ մեր դժբախտ մահվանից հետո էլ մեր հոգիները հավիտենական կրակներում պիտի պապակին...

Ես ծիծաղեցի։

— Ո՛հ, մի ծիծաղեք, ես սուտ բան չեմ ասում, և եթե ձեր մեջ սիրտ և հոգի կա, օգնեցեք ինձ իմ այս հանցանքը քավելու. հեռացե՛ք իմ աղջկանից, այդ է մեր փրկության միակ ճանապարհը, և դրանով միայն մենք կկարողանանք սրբազան պապի ներողամտությունը վաստակելու։

— Ձեր կարծիքով ի՞նչ եմ ես, որ ինձ հետ բարեկամ լինելը դուք հանցանք եք համարում:

— Պատվելիները ասում են, որ դուք հերետիկոս եք։

— Բայց ի՞նչ բան է հերետիկոսը։

— Հերետիկո՞սը... Օ՜, հերետիկոսները աստված չունին, նրանք Հիսուս Քրիստոսին չեն ճանաչում. նրանք սուրբ աստվածամորը չեն պաշտում. նրանք սատանաների հետ են գործ շինում... Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող կորցնել իմ աղջիկը, ազատեցեք իմ ընտանիքը այդ պատուհասից, աղաչում եմ ձեզ...

Ես ապշած նայում էի այս մարդուն, նա շատ քիչ էր զանազանվում մի խելագարից։ Բայց ի՞նչ պետք էր անել. նա ընտանիքի տեր էր, և այսօր իմ իրավունքը գտնվում էր նրա ձեռքում։ Ես տեսնում էի, որ Մարգարիտան և յուր մայրը նույնպես նայում էին նրա վերա ինչպես մի հոգեպես հիվանդացած մարդու վերա, և իրենց տխուր նայվածքով կարծես ինձանից դեղ և դարման էին աղերսում նրա համար։

— Այդ բոլորը ձեզ պատմել են ձեր քահանաները,— պատասխանեցի ես,— բայց նրանք մի հատ ճշմարտություն անգամ չեն ասել ձեզ։ Մենք և դուք մի ազգ և մի արյուն ենք. այդ դուք էլ գիտեք, այդ դուք ինքներդ էլ խոստովանեցիք հենց այն երեկոյան, երբ այն չարագործ պատերին