Այս էջը հաստատված է

Մի ժամից ես տեր-Հովհաննեսն ուղղվեցանք դեպի Լուսինյանների տունը: Երբ ներս մտանք արդեն նրանց ընդունարանում նստած էին Ֆրանցիսկոս Լորենտանո քարոզիչը և նրա աջ ու ձախ կողքերին Սիմոն ու Պետրե պատերները: Նրանց երեսների վերա նշմարվում էր մի խորհրդավոր և լուրջ մտածություն, իսկ իրենց բարեպաշտ հայացքները սևեռված էին Պիոս 9-րդի պատկերի վերա: Ըստ երևույթին, նրանք տեր-Հովհաննեսին չէին սպասում, որովհետև տանուտերը ինքն էլ չգիտեր, թե նա պիտի գար ինձ հետ. ուստի երբ մենք ներս մտանք, նրանք բոլորն էլ մի անհանգիստ շարժում գործեցին: Պ. Լուսինյանը իսկույն բարձրացավ աթոռից, ողջունեց տեր-հորը և առաջարկեց նրան յուր աթոռը:

Երբ մենք մեր տեղերը բռնեցինք, ավագերեց քարոզիչը բարձրացավ տեղից և դառնալով յուր ընկերներին, ասաց.

— Մենք այս անգամ էլ խաբվեցանք մեր անհնազանդ հավատացյալից. գնանք, նա արժանի չէ սուրբերի սիրելին դառնալու, — և իսկույն երկու պատերները ոտքի կանգնեցան:

— Ո՞ւր եք գնում, պատվելիներ, դուք գործի համար էիք եկած իմ տունը, — մի փոքր վրդովված հարցրեց Լուսինյանը:

—Դուք մեզ չէիք հայտնած, թե հայոց քահանայի հետ պետք է մենք գործ ունենաք. մենք այլադավարների հետ ժամավաճառ լինել չենք կարող…

Իմ քահանային ես ինքս բերի: Պ. Լուսինյանը այդ մասին տեղեկություն չունի, ընդհատեցի ես քարոզչին:

Բայց վերջինս մինչև անգամ չնայեց իմ երեսին:

—Պատվելի, դուք լսեցիք, որ պարոնը խոստովանեց ճշմարտությունը. ես ձեզ խաբելու կարիք չունեի, խոսեց կրկին Լուսինյանը և սպասում էր քարոզչի ներողամտությանն արժանանալու:

Բայց պատվելիները պատրաստվում էին արդեն անհնազանդ հավատացյալի տունը թողնելու:

—Որովհետև ես երկար ժամանակ այս անորոշ դրության մեջ մնալ և իմ ընտանիքը խռովության մեջ պահել չեմ կարող, առաջ անցնելով խոսաց պ. Լուսինյանը, ուստի հայտնում եմ ձեզ, պատվելի հայեր, որ եթե դուք ինձ