Այս էջը հաստատված է

տեղի ոստիկանության միջոցով հեռագրով հաղորդել է մեր ոստիկանատանը,— ասաց պաշտոնյան և բանալով յուր անթի տակ առած արկղիկը, հանեց նրա միջից իմ նշանատվության ընծաները և մի մի համարելով հանձնեց ինձ։ Հետո նոտարը բացավ մի մատյան, որի մեջ ցուցակագրված էին այդ իրեղենները և ինձ առաջարկեց ստացումս ստորագրելու: Ես իհարկե կատարեցի այդ առաջարկությունն էլ։

Այս պաշտոնական այցելությունը վերջացնելուց հետ մեր անծանոթ հյուրերը քաղաքավարությամբ ողջունեցին մեզ և դուրս գնացին։

Թեպետ ես շատ լավ համոզված էի, որ մեզ բերած անշունչ առարկաները չէին մեր սիրո պատճառն ու գրավական. թեպետ ես գիտեի, որ ոչ մի պաշտոնական նշանադրություն կամ քահանայական օրհնություններ չէին կարող սրտեր կապել և մի ամուսնություն երջանիկ անել, եթե սերը չէր սրտերի կապը, եթե սերը չէր ամուսնության թագադիրը, այսուամենայնիվ ես չկարողացա այդ ժամուն զսպել իմ վրդովմունքը: Այդ հետ դարձրած ընծաները իմ աչքում մի մի կենդանի հոգիներ էին երևում, սևասքող և տխրադեմ, ես երկար նրանց նայել չկարողացա և հրամայեցի քրոջս հեռացնել իմ աչքից։ Մինչև այդ, ես դեռ մի փոքր արիություն էի պահպանում, բայց երբ քույրս մոտեցավ գոհարներին և նրանց մինը վերցնելուն պես լաց եղավ, ես այլևս չկարողացա զսպել ինձ. ես էլ իսկույն արտասվեցա… Բայց ամոթից թաքցրի այդ արտասուքները և դուրս գնացի։

Երեկոյան դեմ Մարգարիտան եկավ ինձ մոտ։ Այդ միջոցին ես միայնակ նստած իմ սենյակում խորասուզվել էի տխուր մտածմունքների մեջ։ Ես մինչև անգամ մոռացել էի, որ Մարգարիտան ժամադիր էր եղել ինձ այցելելու, և նրան չէի սպասում։

Մտնելով սենյակս նա ժպտալով ողջունեց ինձ։ Ես բոլորովին շվարած նայեցի նրա վերա։

— Զարմանո՞ւմ ես, որ ես տխրամած դեմքով չեմ հանդիպում քեզ,— հարցրեց նա։

— Մի՞թե պետք է զարմանամ,— պատասխանեցի ես և դողդոջուն ձեռքով նրա աջը սեղմեցի։