Այս էջը հաստատված է

— Եթե դու հոգեբան լինեիր, ինձ կհասկանայիր,— պատասխանեց նա,— շատ անգամ ծայրահեղ չարիքները մեծամեծ բարիքներ են ծնեցնում, որովհետև թշվառության ծանրությունը ստիպում է մարդիկներին զգաստանալ և հաղթահարել նրան։ Եթե չար ոգիները այսքան եռանդով զինվեին իմ բախտի դեմ, երբեք ես չէի վստահանալ նրանց դեմ ապստամբվելու։

Այժմ չոր փայտի հետ դալարն էլ պիտի այրվի, ես… արդեն որոշել եմ։

Մարգարիտան այնպիսի հաստատուն ձայնով արտասանեց յուր այս խոսքերը, որ ես մի վայրկյան սարսափեցի։

— Ի՞նչ ես որոշել դու անելու,— անհանգստությամբ հարցրի ես,—քո ողջույնի ժպիտը ուրախության ժպիտ չէր. այլ հուսահատության, ասա ինձ, մի՞թե դու որոշել ես ինձ կրկնապատիկ անբախտացնելու...

— Անբախտացնել, ինչու՞ համար,— բացականչեց նա ոգևորությամբ,— ես կամենում եմ դեռ ապրել և քեզ հետ միասին երջանկանալ։ Մի՞թե դու կարծում ես, թե ես անձնասպանության վերա՞ եմ մտածում. բնավ, դեռ իմ հոգին այդքան ընկճված չէ, դեռ ես պետք է ապրեմ իմ թշնամիներին վրեժխնդիր լինելու համար...

— Մարգարիտա, դու ինձ հիացնում ես, ի՞նչ ես որոշել դու, ասա՚ շուտով, ես կամենում եմ իմանալ։

— Ես քեզ կասեմ, բայց ո՛չ այստեղ, — պատասխանեց նա,— գնանք դուրս, դու ամբողջ օրը սենյակումն ես փակվել. այդ լավ չէ։ Բացի այդ, ես կամենում եմ մի քիչ զբոսնել քեզ հետ այգում։ Գնա՛նք, ամեն բան դու այնտեղ կլսես։

Ես հնազանդվեցա։

Քույրս երևի կարծելով, որ ես արդեն քնանում եմ իմ սենյակում, ինքն էլ միամտվել և քնել էր յուր ննջարանում։ Ես չկամեցա արթնացնել նրան, բայց կասկածելով, որ այսպիսի միջոցներում իմ բացակայությունը կարող էր նրան անհանգստացնել, պատվիրեցի ծառային հայտնել նրան մեր տեղը և ապա մենք դուրս գնացինք։

Երբ այգին հասանք, արեգակը խոնարհվում էր դեպի յուր մուտը. նրա վերջին ճառագայթները խաղում էին