Այս էջը հաստատված է

ես նրան իմ աչքովս տեսա։ Այսուհետև ոչինչ երկյուղ չունիմ. թո՛ղ դարաններ լարեն, որքան կամենում են. աստված անմեղի կողմն է...

Այս անակնկալ հայտնությունը որքան զարմացրեց ինձ, նույնչափ էլ ավելացրեց իմ սերը և համակրությունը դեպի երիտասարդ սարկավագը։ Ես սկսում էի անկեղծությամբ կապվիլ նրա հետ. մինչև այժմ հասարակ գաղտնիքներն էի հայտնում նրան, բայց այս նորությունը լսելուց հետո ես մինչև անգամ վստահացա մեր փախչելու համար ունեցած դիտավորությունն էլ նրան հայտնելու։

— Ահա՛ խելոք միտք,— բացականչեց նա, երբ ես պատմեցի նրան փախուստի համար մեր ունեցած ծրագրի մանրամասնությունները,— գնացեք, բարի ճանապարհ, այնուհետև էլ ոչ ոք չէ կարող խլել ձեզանից ձեր Մարգարիտային։ Ճանապարհվեցեք որքան կարող եք շուտ, որովհետև ձեր կորցրած ամեն մի վայրկյան թանկ է, և եթե ուշանաք դուք կարող եք երբևիցե բռնվիլ պատերների որոգայթի մեջ։

Այնուհետև նա ինձ խորհուրդներ էր տալիս, թե որ շոգենավով ավելի հարմար և ապահով կլիներ մեր փախուստը, թե ինչ ձևով պետք է վարվեինք նավի մեջ անծանոթ մնալու համար, թե ինչ պետք է անենք իմ հայրենիքը հասնելուն պես և այլն և այլն։

Երբ այս բոլորի մասին կարևոր խոսակցությունը ավարտեցինք, Կլեմեսը խնդրեց ինձ, որ յուր հետ միասին գնայինք յուր տունը։

— Քանի որ դուք մտադիր եք հեռանալ այստեղից, գոնե մի անգամ այդ պատիվն արեք ինձ,— ասաց նա,— այցելեցեք ինձ իմ տան մեջ, և ես չեմ մոռանալ երբեք, որ մի անգամ դուք իմ ամենալավ բարեկամն էիք...

Ես այս խոսքերից մինչև անգամ գորովվեցա։

— Գնանք,— պատասխանեցի ես,— ինձ համար ավելի սիրելի է ձեզ նման անկեղծ մարդու տնակում ժամանակ անցկացնել, քան կեղծավոր մարզիկների ապարանքում։

Երբ մենք դուրս եկանք տանից արդեն մութն էր։

Երկինքը ամպամած լինելով աստղեր չէին երևում և խավարը արդեն բռնել էր փողոցները. լապտերների նվազ լույսն