Այս էջը հաստատված է

որ ես ասացի քեզ, «Եթե չար ոգիները այսքան եռանդով չզինվեին իմ դեմ, երբեք ես չէի վստահանալ նրանց դեմ պատերազմելու. այժմ չոր փայտի հետ դալարն էլ պիտի այրվի»:

Այդ դալար փայտը իմ հայրն էր։ Ես մինչև այս հասակը նրան ընդդիմացած չէի. նրա հրամանները միշտ ինձ համար սուրբ են եղած։ Բայց այն օրից սկսած, երբ նա յուր ուսուցիչների խորհրդով սպանել ուզեց իմ երջանկությունը, ես նրան հայտնեցի, որ նա այլևս աղջիկ չունի, որ Մարգարիտան նրա համար մեռած է։ Իմ այս վճիռը հաստատ էր և անդառնալի, նա այդ գիտեր։ Ուստի մեծ ուրախությամբ լսեց պատերների քո մասին տված նոր վկայությունը, այն է, որ դու բարոյապես փչացած մի երիտասարդ ես։ Եմ հայրը գիտեր, որ միայն քո անբարոյական լինելը կարող էր հեռացնել ինձ քեզանից, ուստի խնդրեց յուր ուսուցիչներին, որ շոշափելի փաստերով ապացուցանեն քո անբարոյականությունը։ Եվ նրանք, ինչպես երևում է, ապացուցել են, բայց իհարկե ոչ ինձ, այլ իմ հոր համար։ Երեկ երեկոյան հայրս վերադարձավ տուն պատեր֊Սիմոնի և մեր երկու ազգականների հետ միասին, և հաղթական եղանակով պատմեց, թե ինչպես քեզ տեսել էին հասարակաց տան մեջ, մի անբարոյական աղջկա հետ գրկախառնված և վերջը թե ինչպես դու հարբելով ծեծել էիր քեզ հետ զվարճացող կնոջը և մատնվել էիր ոստիկանության ձեռքը իբրև մի ոճրագործ։ Այս բոլորը մի առ մի պատմում էր հայրս, այս բոլորին վկայում էին մեր ազգականները և պատեր֊Սիմոնը։

Ես իհարկե գիտեի, որ ճիշտ էին նրանց պատմածները, բայց գիտեի և այն, որ դրանք բոլորը պատեր-Սիմոնի և ընկերության ձեռքով սարքված բաներ էին, հետևապես այդ պատմությունները ինձ վերա ոչինչ ազդեցություն անել չկարողացան. ես միայն տխրեցի, որ դու բռնվել էիր սատանայական վարմի մեջ...

— Ձեր պատմությունները միայն ձեր աչքում կշիռ ունին,— ասացի ես հորս և նրա ընկերակիցներին, — իսկ ինձ համար միայն առասպելներ են։ Իմ սիրած երիտասարդին ես ճանաչում եմ. ինձ չեն կարող հեռացնել նրանից մարդկային