Այս էջը հաստատված է

վերադառնում, քույրդ սկսավ անհանգստանալ, իսկ ես դուրս եկա փողոց քեզ որոնելու։ Այդտեղ ինձ ասացին, որ քեզ Կլեմես սարկավագի հետ են տեսել։ Ես դիմեցի նրա տունը բայց նա հայտնեց, որ դու միայն կես ժամ ես մնացել նրա մոտ և թե այնուհետև քո ուր գնալը չգիտե։ Շուկայի հրապարակով անցնելու ժամանակ ես պատահեցի մեր տղաներից մի քանիսին, որոնք այնտեղ հավաքված հենց քո այդ դեպքի մասին էին խոսում։ Նրանք ինձ պատմեցին ամեն բան. պատմեցին և այն, որ դու բանտարկված ես։ Այդ լուրը ինձ սաստիկ խռովեց, բայց ժամանակը ուշ էր, ոստիկանապետի մոտ գնալ չէի կարող։ Վերադարձա տուն և քրոջդ խաբեցի, որ դու մեր տղաների հետ գնացել ես այգիները քեֆ անելու: Միայն իհարկե այդ սուտը երկար չէր թաքնվելու, ես վախենում էի, որ մեր շատախոս դրացուհիներից մինը այսօր ևեթ կգար և կպատմեր նրան ամեն բան։ Բայց այժմ արդեն վտանգն անցած է. մնում է ինձ շնորհակալություն անել մեր գեղեցիկ օրիորդներին, որոնք այսքան մեծ ուրախություն պատճառեցին մեզ բոլորիս։

— Օրիորդները հարկավ չեն սպասում քո շնորհակալությանը,— նկատեցի ես։

— Իհարկե մենք չենք կամենալ, որ մեզանից շնորհակալ լինեին այն գործի համար, որը մենք կատարել ենք միայն մեզ ուրախացնելու համար,— պատասխանեց օրիորդ Վարվարան։

— Դու ինձ տեղ էլ խոսացիր, — նկատեց Մարգարիտան պարզելով յուր ձեռքը սեղմեց օրիորդի աջը ի նշան շնորհակալության։

Մի քանի րոպեից հետ մենք հասանք տուն: Քույրս գրեթե սարսափելով լսեց այս անախորժ անցքի բոլոր պատմությունը։ Բայց իհարկե նա չվշտացավ, որովհետև ես արդեն յուր մոտն էի։

Այդ օրը մենք արտաքո կարգի ուրախությամբ տոնեցինք իմ ազատությունը։

Երեկոյան դեմ, երբ իմ երկու ազատարարուհիները հեռացան, ես հայտնեցի քրոջս ու փեսայիս իմ դիտավորությունը, որ է` Մարգարիտայի հետ փախչել իմ հայրենիքը։