Այս էջը հաստատված է

—Գրիգոր,— ասաց նրան, — մեր արհեստակիցների ներկայությամբ ես մի խնդիր եմ առաջարկելու քեզ, պետք է ընդունես:

—Հրամայի՛ր, վարպետ, — պատրաստ եմ կարողությանս չափ քեզ ծառայելու,— համեստությամբ պատասխանեց Գրիգորը:

—Օրհնյալ լինես, ուրեմն լսիր, ես կամենում եմ, որ քո Մանիշակը իմ Աշոտի հարսնացուն լինի, և հենց այսօրվանից մենք խնամիներ դառնանք: Իմ Աշոտը 14 տարեկան է, քո Մանիշակը 11—ից ավելի չէ, 5 թե 6 տարիից հետո մենք, եթե կենդանի մնանք, նրանց կպսակենք: Ի՞նչ կասեք, տղա՛յք, դարձավ նա դեպի հյուրերը. վատ առաջարկություն խո չե՞մ անում:

—Աստված շնորհավոր անի,— գոչեցին հյուրերը միաբերան,— մենք մեր կողմից հոժար ենք:

—Դուք որ հոժար եք, ես ի՞նչ խոսք ունեմ,— պատասխանեց Գրիգորը քաղցրությամբ և սեղմեց վարպետ Սարգսի ձեռքը, որ նա պարզել էր դեպի իրեն:

—Ապա մա՞յրը,— մեջ մտավ կնքահորենց Ավետիքը, որը ըստ երևույթին կանանց դատը պաշտպանողներից էր:

—Մայրը ինձ հետ միշտ համաձայն կլինի, իմ և նրա կամքը մեկ է,— պատասխանեց Գրիգորը:

—Ուրեմն առաջին բաժակը կդատարկենք Մանիշակի և Աշոտի կենացը,— գոչեցին հյուրերը միանգամայն և դատարկեցին բաժակները:

Մի ապագա ամուսնության դաշը կռված էր: Եվ որովհետև նա համայնքի կամքովն էր, ուրեմն և անքակտելի էր:

Սեղանի վրա հետզհետե բարդվում էին կերակուրները, գինու բաժակները արդեն սովորական արգությամբ պտտվում էին, և ուրախությունը սկսել էր դառնալ հասարակաց:

—Զարմանալի սովորություն կա ձեր մեջ,— խօսել սկսավ կնքահորենց Ավետիքը,— երբ հավաքվում եք մի տեղ ուրախանալու, անպատճառ կամ պետք է մի տղայի նշանեք կամ մի աղջկա, մեծ լինի թե մանուկ բնավ ուշադրություն չեք դարձնում: Լավ, դիցուք թե տղան ես եմ, մեծացա ու աղջկանը չսիրեցի, կամ աղջիկը յուր կողմից սկսեց ատել