հանգստին՝ պիտի պտտեք նրա շուրջը և ուղղակի նրա բերանից ներս մտնելով բարձրանաք շոգենավը։ Կարո՞ղ եք այդ անել։
—Գտիր մեզ համար մի լավ նավակ և մի քաջ նավաստի, — պատասխանեցի ես, — մնացածը հեշտ է․ ես բաց ծովից չեմ վախենում, հույս ունիմ Մարգարիտան էլ ինձ հետ նավելու քաջություն կունենա։
—Շատ լավ. ուրեմն ամեն բան հենց վաղը առավոտվանից կպատրաստենք: Ես մի ծանոթ նավաստի ունիմ, կպատվիրեմ, որ նա մի քանի ժամ առաջ յուր նավակը նավահանգստից նշանակյալ տեղ տանե, իսկ ես և Շուշանը երեկոյան կտանենք ձեզ ծովափը:
Մյուս օր առավոտ ես կրկին տեսնվացա Մարգարիտայի հետ: Նա ուրախությամբ լսեց իմ փեսայի առաջարկությունը:
—Ես երկչոտ չեմ,—ասաց նա, —բավական է, որ Արամը ինձ հետ լինի. ծովի ալիքները ինձ չէին վախեցնիլ, եթե մինչև անգամ նրանք մեր նավակը ընկղմիլ կարողանալու չափ կատաղաց լինին:
Այնուհետև մենք խոսացինք մեր ուղևորության վերաբերյալ զանազան պատրաստությունների վերա: Քույրս կամենում էր մինչև անգամ նվերների մի քանի կապոցներ հանձնել ինձ մեր ընտանիքին և ազգականներին տանելու համար: Բայց ես հայտնեցի նրան, որ բացի իմ ճանապարհորդական պայուսակը ուրիշ ոչինչ ինձ հետ վերցնելու չեմ. ըստ որում ես արդեն ինձ հետ ամենաթանկագին բեռն էի տանում, և իմ բոլոր աչալրջությունը նրան պիտի նվերի:
Կարևոր նախապատրաստությանց մասին մեր խորհրդածությունները վերջացնելուց հետո, ես ժամադիր եղա Մարգարիտային թե երբ և որտեղ պիտի սպասեր նա ինձ այդ ավուր երեկոյան, որպեսզի մենք միասին ծովափը իջնեինք:
Եվ ապա նա գնաց յուր մորը հայտնելու մեզանից լսածներն, ըստ որում մեր փախուստի համար նա արդեն տվել էր յուր համաձայնությունը: Իսկ փեսաս գնաց լավ նավակ և քաջ նավաստի վարձելու: