Այս էջը հաստատված է

ժամադրության մեջ,— պատասխանեցի ես,— այսուհետև էլ այսպիսի սխալմունքներ չեն կրկնվիլ։

Այս ասելով շտապով թևս առի նրան և ուղղվեցա դեպի այն կողմը, ուր սպասում էր փեսաս յուր կառքով։

Երբ հասանք կառքին և Մարգարիտայի հետ միասին նստանք նրա մեջ, Մարին տվավ մեզ յուր հրաժեշտի ողջույնը և բարի ճանապարհ մաղթելով ինձ և յուր տիրուհուն հեռացավ։

Մենք դիմեցինք դեպի մեր փախուստի ճանապարհը։

Ամպամած և խավար գիշեր էր. քամին կամաց կամաց սկսում էր զորանալ, և ամայի ծովափի վերա արդեն բարձրանում էին ավազուտի փոշիները։ Ես վախենում էի թե գուցե ալեկոծություն պատահեր։ Բայց փեսաս, որ ավելի ծանոթ էր ծովային շարժումներին, հանգստացրեց ինձ ասելով, որ այդ տեսակ քամիները առհասարակ շուտով ալեկոծություն չեն բերում:

Երբ հասանք նշանակյալ տեղը, մեր նավաստին արդեն պատրաստ սպասում էր մեզ։

— Եթե մի փոքր ուշանայիք ես պետք է վերադառնայի նավահանգիստը,— ասաց նա,— որովհետև փոթորիկ է գուշակվում։

— Ուրեմն չգնանք, եթե կարծում ես, որ փոթորիկ կլինի, — ասացի ես:

— Ոչ, մենք դեռ ժամանակ ունենք նավահանգիստը հասնելու համար, — պատասխանեց նա, — մտե՛ք նավակը։

Բայց ծովի ալիքները արդեն բավական բարձրացել էին և մեզ տանող նավակը մի չոր տերևի պես խաղում էր նրանց վերա:

— Ժամանակ չկորցնենք, — ասաց Մարգարիտան — մտնենք նավակը, րոպեները թանկ են…։

— Դու այս ալիքներից չե՛ս վախենում, — հարցրի ես նրան:

— Ոչ, — պատասխանեց նա հաստատուն ձայնով, — նրանք մեզ ավելի վնաս չեն կարող տալ, քան մարդիկները, եթե այդ ալիքները մեռցնելու էլ չինին մեզ, գոնե երկուսիս