Այս խոսքի վերա շոգեմեքենան երրորդ անգամ սուլեց, նավի անվաթևերը սկսում էին շարժվիլ:
—Շուտ շուտ, ներքև իջեք, շոգենավը ճանապարհվում է,— հրամայեց ոստիկանապետը Լուսինյանին, նրա բարեկամներին և Մարգարիտային:
Բոլորը դիմեցին դեպի սանդուղքները, բայց Մարգարիտան չշարժվեց տեղից:
—Գնանք, աղջիկս, սպասելու ժամանակ չէ,— ասաց Լուսինյանը և դիմելով դեպի Մարգարիտան բռնեց թևը և սկսավ քաշել:
—Ես չի պիտի գամ. հեռու ինձանից, — բացականչեց նա և թևը դուրս խլելով հեռացավ:
—Օգնեցե՛ք, ի սեր աստուծո, օգնեցեք, աղջիկս հափշտակում են, — սկսավ գոռալ Լուսինյանը բռնելով Մարգարիտայի ձեռքերից և քաշելով դեպ առաջ:
Ոստիկանապետը և ազգականները հետ դարձան և պաշարեցին խեղծ աղջկանը:
—Գնացեք, գնացեք, մի անպատվեք ձեր հորը, հեռացեք այդ չարագործ մարդուց, նա մեզ կկործանի… նա մեզ կոչնչացնե,— ամեն տեղից գոչում էին Լուսինյանի ազգականները:
Հետո ոստիկանապետը առաջ եկավ և հրամայեց իջնել շուտով դեպի սպասող նավակը:
Մարգարիտան էլ ընդդիմանելու ուժ չուներ, նրան գրեթե անզգայացած քարշ տվին դեպի նավակը: Սանդուղքներից իջնելու ժամանակ նա երկու անգամ փորձ փորձեց իրեն ծովի մեջ նետելու, բայց շրջապատողները թույլ չտվին:
Ես մնացել էի շվարած ուր գնալ: Մերթ մտածում էի Մարգարիտայի փոխարեն ինքս ինձ ձգել ծովը և ազատել թե՛ ինձ, թե՛ նրան և թե՛ նրա կիսամեռ ընտանիքը. մերթ վճռում էի թողնել և հեռանալ մի անծանոթ երկիր, ուր ազատ իմ բախտը կարողանայի ողբալ և մերթ՝ գնալ դեռ Մարգարիտայի ետևից և քամել դառնության բաժակը մինչև մրուրը…
Դեռ այս տարուբերման մեջ էի, երբ Մարգարիտան