Այս էջը հաստատված է

Չնայելով իմ հոր և ազգականների խստության ես միջոց գտի մեր նավակից թռչել դեպի քեզ և գրկել քո ողողված և անշնչած մարմինը. «Արամ տար ինձ քեզ հետ․․․ մի թողնիր ինձ» անընդհատ ճչում և ողբում էի կամ խելագարի նման խոսում էի քեզ հետ, բայց երբ ոչինչ պատասխան չէի առնում ընկնում էի քեզ վերա և անընդհատ համբույրներով ծածկում էի փակված աչքերդ և անշնչած շրթունքներդ։

Ոստիկանապետի հրամանով նավաստիները բազմապատկել էին իրենց ույժերը և մեր նավակները շոգենավի պես թռչում էին ծածանուտ ալիքների վերա։

Մի քանի րոպեից ետ մենք արդեն նավակամրջի վերա էինք։

Նավակամրջի վերա, լամպերի լույսի առաջ ես նշմարեցի փեսայիդ․ խեղճը երևի սպասում էր այստեղ հավաստինալու համար, թե արդյոք անվտանգ ճանապարհվեցա՞նք մենք թ՞ե ոչ։ Բայց տեսնելով առաջին նավակում հորս և ազգականներիս շփոթված առաջ եկավ։

—Արամը մեռավ օգնության հասիր, —աղաղակեցի ես նավակի միջից․ և խեղճ մարդը շփոթված թռավ ինձ մոտ։

Քո անշունչ մարմինը շոշափելով նա մի հուսահատ ձայն արձակեց և ապա չոքելով առավ քեզ յուր գրկերի մեջ, մինչև որ ոստիկանապետի հրամանով նավակամրջի վերա գտնվող կառքերը մեզ բերին այստեղ։

Երբ մոտենում էինք ձեր տանը հայրս և ազգականերս շրջապատեցին ինձ և չէին ուզում թողնել որ ներս մտնեմ․ նրանցից մինը, որին ես իսկույն չկարողացա ճանաչել մինչև անգամ հանդգնաբար նկատեց․ «Չգիտեմ ինչո՞ւ համար չթողին որ չարագործը խորասուզվեր ծովի հատակը և մենք ազատվեինք»։ Ես մոտեցա նրան կատաղի հայացքով և արդեն պատրաստվում էի շեշտակի ապտակ իջեցնել երեսին, երբ նրա ծպտյալ կերպարանքի մեջ ճանաչեցի պատեր-Սիմոնին, մեր այսքան թշվառությանց հեղինակին։

«Դժոխքն է խոսում քո բերանով, ոճրագործ, մի հանդգնիր այդ շրթունքներովդ արդարի անունը արտասանելու» ասացի նրան և հետ խլվելով մտա այստեղ։