Այս էջը հաստատված է

Բարեբախտաբար քույրդ քնած էր. փեսադ ամեն զգուշություն գործադրեց որ նա մեր գլխին հասած այս դժբախտությունը չիմանար: Շուտուվ հասավ և բժիշկը, որը ուրախացրեց մեզ ասելով որ վտանգավոր ոչինչ չկա: Նրա գործ դրած մի քանի դարմաններից հետ դու արդեն շնչում էիր: Մայրս հասավ հենց այն ժամանակ երբ Շուշանը զարթել էր. փեսադ երկուսին էլ ժամ առաջ նախապատրաստեց և ապա թե թույլ տվավ որ մտնեն քեզ մոտ:

Բայց առաջին վայրկյանի ազդեցությունը միայն բավական եղավ նրանց լացացնելու:

Տեսնելով նրանց ես նույնպես չկարողացա զսպել իմ արտասուքները: Բարեբախտաբար այդ վայրկյանները չերկարացան:

Շուտով դու աչքերդ բացիր և քո առաջին հայացքի հետ հույս և ուրախություն ներշնչեցիր մեզ: Իսկ այնուհետև ես և մայրս թողեցինք քեզ և չիմացանք թե ինչ պատահեց քեզ հետ:

— Եվ այնուհետև ես շատ հանգիստ քնեցի հոգյակս, այնպես հանգիստ, որ այժմ կատարյալ առողջ եմ զգում ինձ ավելացրի ես, և տարածելով ձեռքերս գրկեցի սիրուհուս և ջերմաջերմ սեղմեցի կրծքիս վերա:

Այնուհետև բժշկի խորհրդով ես դեռ երկու օր էլ պառկած մնացի կատարելապես կազդուրվելու համար:

Մարգարիտան այդ երկու օրը գրեթե առավոտից մինչև երեկո ինձ մոտ էր անցուցանում:

Մենք անդադար խոսում էինք մեր փոքրիկ, բայց երջանկությամբ և դժբախտությամբ լի անցյալից և մերթ տխրում, մերթ ուրախանում էինք:

Երբ ես բոլորովին կազդուրվեցա, նորից վճռեցի վերցնել հարսնացուս և փախչել: Բայց այս անգամ ոչ թե ծովի ալիքներին ապավինելով, այլ Դաղստանի ահարկու լեռներին: Այս նպատակին հաջողությամբ հասնելու համար ես որոշեցի իմ փեսայի աջակցությամբ դիմել նրա բարեկամ մի խումբ լեզգիների օգնության, որոնց խոսքը և գործը առհասարակ պատերների մեքենայությանց հետ ոչինչ կապ չէր