Այս էջը հաստատված է

Բայց այս երկրորդ փախուստս ապահով ճանապարհի վերա դնելու համար ես պետք է դեռ մի ամբողջ շաբաթ սպասեի, և որ կարևորն էր—շատ խորհրդապահ մնայի։

Այս անգամ դիտավորությունս միայն իմ փեսային հայտնեցի։

ԻԷ

ՆՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆ

Առողջանալուց հետո դեռ առաջին օրն էր, որ ես տանից դուրս գալ էի ուզում, երբ պ. Լուսինյանը եկավ ինձ մոտ։ Նրա անակնկալ այցելությունը մի առանձին ուրախություն պատճառեց ինձ։ Ես մտածում էի, թե գուցե յուր ուսուցիչների ձեռով ինձ և յուր դստերը հասցրած այսքան վշտերը նա նորից է ուզում դարմանել և մեր միությանը համաձայնություն տալու համար է եկել։ Բայց երևաց, որ իմ նախկին աները բոլորովին հակառակ դիտավորությամբ է այցելել ինձ։

Նստելով իմ առաջարկած աթոռի վեր, նա սկսավ խոսել:

— Հարգելի բարեկամ, մինչև այսօր քո գործ դրած բոլոր միջոցները իմ աղջիկը քո ամուսին դարձնելու համար ապարդյուն անցան, ինչպես ապարդյուն անցան և իմ ջանքերը, աղջիկս քեզանից հեռացնելու համար։ Դուք այժմ միմյանց սիրում եք, ճշմարիտ է, բայց որ դուք միմյանց պատկանելու չեք, այդ ավելի է ճշմարիտ։ Ինչպես գիտեք ի սկզբանե անտի ես ընդդեմ չէի ձեր երկուսի ամուսնության, այդ պատճառով էլ նշանադրեցի ձեզ, բայց երբ տեսա, թե կրոնական խտրություններ կան մեր մեջ, երբ տեսա, որ իմ պատվելի քահանաները ընդդեմ են այս միության և երբ տեսնում եմ, որ մեր գերապայծառ եպիսկոպոսը հրամայում է ինձ յուր սուրբ բերանով՝ չամուսնացնել քեզ հետ իմ աղջիկը, ես ավելի գերադասում եմ նրանց հաճությունը և կամքը կատարել, քան թե քո և իմ աղջկան ցանկությունը։ Այս վճիռը անխախտ և անքակտելի է։ Ուրեմն շնորհ արեք թողնել իմ աղջկան. հեռացրեք նրան ձեզանից. այդ դուք կարող եք... այս ես խնդրում եմ...