Այս էջը հաստատված է

—Ձեր պահանջը կատարել իմ ուժից բարձր է,— պատասխանեցի ես,— դուք աշխատեցեք ձեր աղջկանը համոզել, և երբ նա ինքը կկամենա հեռանալ ինձանից, ես այլևս նրան չեմ հետևիլ:

—Իմ աղջիկը ինձ չէ լսում, նա անտարբեր է իմ աղաչանաց, իմ արտասունքների առաջ… Ահա մի քանի օր է ինչ որ դուք պառկած եք, նա էլ իմ ընտանիքում չէ երևում. միշտ ձեզ հետ, միշտ ձեզ մոտ… Ի սեր աստուծո, խղճացե՜ք ինձ, խղճացե՜ք, նա իմ մի հատիկ զավակն է, ես նրանից զրկվել չեմ կարող…

—Եթե սիրում եք նրան, սիրեցեք և ինձ, ամուսնացրեք նրան ինձ հետ, և դուք մեկի տեղ երկու զավակ կունենաք. եթե սիրում եք ձեր աղջկան, մի՛ տանջեք նրան, մի՛ հալածեք նրանից սիրված մարդուն:

— Այդ մի՛ ասեք. այդ ես չեմ կարող անել. մեր պատերները, մեր գերապայծառը այդ չեն կամենում:

—Ուրեմն իզուր եք ինձանից ձեր խնդրի կատարումը սպասում. ես առաջ իմ կյանքից կզրկվեմ, հետո իմ հարսնացուից, այս էլ իմ անխախտ և անքակտելի վճիռն է, իմացե՛ք:

—Եթե դուք ձեռք չեք վերցնիլ իմ աղջկանից, ձեզ զորով կհեռանցնեն այս քաղաքից, իմացած եղեք. ես կամենում եմ, որ դուք ձեր պատվով հեռանանք, որպեսզի իմ աղջիկը մի ցավ ավելի չունենա:

Ո՛չ ինձ հեռացնել կարող են այստեղից և ո՛չ ձեր աղջիկը ինձանից խլել. ապահով եղեք:

—Եթե ես այս խոսքերը ասում եմ ձեզ, բարեկամաբար եմ ասում. թողեք իմ աղջկան, հակառակ դեպքում դուք կզղջաք:

—Իմ թշնամիների ձեռքով ես արքայություն էլ չեմ մտնիլ. դուք խլում եք ինձանից իմ ուրախությունը իմ կյանքը, և դուք իմ թշնամին եք. ես մերժում եմ ձեր բարեկամական խնդիրն էլ, խորհուրդն էլ:

—Դուք կպատժվիք և կզղջաք,— հաստատ ձայնով սպառնաց ինձ Լուսինյանը և դուրս գնաց:

«Ի՞նչ պետք է անեն ինձ այս մարդիկ,— մտածեցի ինքս