Այս էջը հաստատված է

ուրիշ գործ ավելի անհրաժեշտ քան այն, որ քո ներկայությամբ դու պիտի սփոփես քո սիրատանջ և վշտահար Մարգարիտային…

Եա մի վայրկյան լռեցի, որովհետև չէի համարձակվում խաբել իմ սիրուհուն, այդ րոպեին նա իմ աչքում երևում էր ինչպես մի գերբնական ոգի, որ կարող էր թափանցել իմ սրտի մեջ և քննել նրա գաղտնիքները... Այդ սիրտը ինչպես մի հանցավոր, դողում էր նրա առաջ և խելքն ու կամքը տեղի էին տալիս իմ մեջ սրտի սրբազան զգացմունքներին...

Բայց չէ՞ որ չարիքներից փոքրագույնը պետք էր ընտրել, ավելի լավ էր խաբել՝ նրան վիշտ չպատճառելու համար, քան վշտացնել՝ մի անօգուտ ճշմարտություն խոստովանելու համար։ Կամաց կամաց ես հակվում էի վերջին միջոցի կողմը:

Ուստի երբ նա կրկին հարցրեց թե՝ ինչո՞ւ համար է անհրաժեշտ իմ հեռանալը, ես ցույց տվի նրան շինծու հեռագիրը։

Խեղճ Մարգարիտա. նա իսկույն հավատաց ինձ և տխուր ձայնով մրմնջաց.

— Քանի որ մայրդ հիվանդ է, ես չեմ կարող ստիպեք քեզ, որ ուշանաս։ Գնա, գուցե նա կարոտ է քո օգնության, գուցե նրա կյանքը քո վերադարձից կախում ունի, նա կարող է վշտանալ և անիծել այն ձեռքը, որ արգելում է քո վերադարձը... բայց ասա նրան, Արա'մ, որ այդ ձեռքը իմն է, որ ես պաշտում եմ քեզ... որ ես պիտի մեռնեմ առանց քեզ...

Այս խոսքերով նա ընկավ իմ պարանոցով և սկսավ հեկեկալ և դառնապես արտասվիլ... Իմ սիրտը կտրտվում էր, ես կամենում էի ընկնել իմ սիրուհու ոտքերի առաջ, ծածկել նրանց իմ համբույրներով և հենց այդտեղ, նրա ոտքերի տակ, ավանդել իմ հոգին...

Բայց ավա՜ղ, մարդիկ ցանկացած րոպեին երջանկանալ կարենալու չափ ուժ չունեին. նույնիսկ մահը փախուստ է տալիս նրանցից, երբ գիտե, թե յուր մատչելով՝ գոհություն պիտի պատճառե մահկանացուին...

Եվ այսպես, մենք երկար գրկախառնված միայն լալիս էինք, մինչև որ վերջապես մեր արտասվաց առուները փակվեցան, և մենք հոգեկան վրդովմունքից գրեթե վաստակած նստանք հովանավոր ուռիների տակ։