Այս էջը հաստատված է

անելուն համար։ Նա շատ սիրում ու հարգում էր Գևորգին, իբրև բոլոր գործավորների մեջ ամենից համեստ տղային։ Բացի այդ, Գևորգը, որ գեղեցիկ ձայն ուներ, շատ անգամ աշխատանքից դառնալուց ետ, յուր սիրուն երգերով զվարճություն էր պատճառում Շառլոտային, երբ սա զբոսնում էր տան այգիում լուսնկա գիշերներով։ Գևորգի բարության փոխարեն Շառլոտան այս տեսակ վարձատրություն, իհարկե, չէր ցանկանալ անել նրան, բայց սխալն ուղղելու հնար չկար:

Երբ Գևորգը նորից երևեցավ բակի մեջ յուր ծանր բեռով, Շառլոտան իսկույն իջավ սանդուղքից և վազելով դեպի նորան` Ների'ր ինձ, Գևորգ,— ասաց նրան,— ես բոլորովին չէի կարծում, թե վիճակը քեզ պետք է դուրս գար, ապա թե ոչ, երբեք այդպիսի առաջարկություն չէի անիլ գործավորներին։ Այդ վանդակները շատ ծանր են, թո'ղ որ հորս խնդրեմ որպեսզի մեր ծառային քեզ հետ դնե, բեռանդ կեսը նա կարող է վերցնել.»։

— Շնորհակա՛լ եմ, օրիորդ, — հեզությամբ պատասխանեց Գևորգը,— դուք շատ բարի եք. այս բեռը որովհետև ձնր առաջարկությամբ եմ կրում, ինձ համար ծանր չէ, մանավանդ թե շատ թեթև է.. — այս ասելով նա դուրս գնաց բակի մեծ դռնից։

Շառլոտան մի քանի վայրկյան մնաց կանգնած բակի մեջ. նորան սաստիկ վշտացնում էր իր գործած սխալը, վերջապես նա վերադարձավ տուն:

Բ

Հուշիկ և ծանր քայլերով Գևորգը գնում էր երկար և ուղղաձիգ փողոցով։ Չնայելով որ նորա բեռը չափազանց շատ ծանր էր, այսուամենայնիվ նա շունչ առնելու համար ոչ մի տեղ չէր կանգնում։ Նա մինչև անգամ ուշադրություն չէր դարձնում ա՛յն մեծ շարժողության վրա, որը երեկոյան այդ պահուն, ինչպես միշտ, կար այդ փողոցում։ Անդադար անցուդարձ անող կառքերի դղրդյունը, ձիաքարշի հաճախակի