Այս էջը հաստատված է

զանգահարությունը, երթևեկ ամբոխի շշուկը, գործից դարձող բանվորների ուրախ և բարձրաձայն խոսակցությունները, այս բոլորն անլսելի և անտեսանելի էին նորա համար։ Նա մտածմունքների մեջ խորասուզված անընդհատ շարունակում էր յուր ճանապարհը և հուսահատված խոսում էր ինքն իրեն. «Այս բեռն ինձ համար ծանր չէ. ես սորանից ավելի ծանր ծառայություններ եմ արել Գուստավին, բայց ծանր է արդարև նորա աղջկա ինձ հասցրած վիրավորանքը։ Նա դիտմամբ արավ այդ բանը, այո՛, դիտմամբ։ Նա ճանաչում էր իմ տունը, երևի ճանաչում էր Սոմարյանցի տունը, գիտեր, որ նա մեր դրացին է, նա դիտմամբ հանձնեց ինձ այս ծառայությունը, հասկացնելու համար, որ ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ՝ յուր հոր գործարանի մշակը... Եվ իհարկե, ես մի ողորմելի մշակ եմ, իսկ ինքը հարուստ գործարանատիրոջ աղջիկ... Ա՜խ, ուր էր թե ես էլ հարուստ լինեի...»։ Այս խոսքերի հետ նա մի խորը հառաչ արձակեց և իտալացու ջարդված գլխարկը գլխից հանելով և ճակատի վրա վազող քրտինքը սրբելով շարունակեց յուր ճանապարհը։

Մի քառորդ ժամից նա հասավ Սոմարյանցի տունը, որն այդ երեկո փայլում էր արտաքո կարգի լուսավորությամբ։ Յուր ծանր բեռը բակի մեջ գետին ձգելով՝ Գևորգն ուղղվեց ամբողջ թիկունքով, հանգիստ շունչ քաշեց և սկսավ նայել դեպի վեր, տան դստիկոնը:

Սոմարյանցի տան այդ մասը լուսավորված էր աչք շլացնելու չափ։ Դահլիճի ահագին պատուհաններից երևում էին բյուրեղյա ջահերը՝ կրակված հարյուրավոր ճրագներով։ Բազմաթիվ հյուրեր անցուդարձ էին անում այդտեղ, և նոցա ուրախ խոսակցության ձայները, խառնվելով թնդացող երաժշտության հետ, մի կախարդական կերպարանք էին տալիս այդ հոյակապ տանը։

Գևորգը երկար նայում էր հարուստ մարդիկների ուրախությանը և ինքն իրեն շշնջում էր. «Ահա՛ ինչ կնշանակե հարուստ լինել, շատ փող ունենալ։ Եվ ես հարյուր տարի էլ եթե ապրեի այսուհետև, դարձյալ Սոմարյանցի դահլիճի ներսը ոտք դնել չէի կարող։ Ախր ի՞նչ մարդիկներ ենք մենք, չէ որ աստված մեզ ստեղծել է միայն բախտավոր հարուստներին