ծանրությամբ հարցրավ վարպետ Սարգիսը,— հապա քո ասելով պահք էլ չպահե՞նք:
—Պահք ի՛հարկե պետք է պահենք, որովհետև տերն ասում է՝ «Այս դևը ոչ մի բանով դուրս չի գալ, բայց միայն պահքով ու աղոթքով»: Բայց պահքը, որ լսել եք այն չէ ինչ որ դուք եք պահում, կամ ինչ որ ձեր քահանաներն են քարոզում:
—Ախր չասացի, թե դրան մի բառ եթե թույլ տաք խոսելու, հազարն էլ հետո կխոսի,— անհամբերությամբ ներս ընկավ Համբարձումը:
—Տո անպիտան, քեզ չասացի, որ լռիր, տեսնենք մարդը ի՞նչ է խոսում, — բարկացավ նրա վրա մատռվակը:
—Իմ կարծիքով, — խոսեց Ավետիքը, — Համբարձումը մեզ խառնում է նրա համար, որ գինի խմելը դադարեցրել եք: Ես ձեզ խորհուրդ կտամ պ. մատռվակ, որ նրան միանվագ 3 բաժակ գինի տաք խմելու, իբր պատիժ:
Մատռվակը հրամայեց, և Համբարձումի մոտիկ ընկերը երեք բաժակ լցնելով առաջարկեց նրան: Վերջինս ներքին բավականությամբ և արտաքին դժգոհությամբ երեք բաժակները դատարկեց:
Ավետիքի խարդախությունը ոչ ոք չիմացավ: Նա կամենում էր յուր հակառակորդին հարբեցնելով թուլացնել, որը որքան էլ հիմարաբար էր խոսում, դարձյալ իրեն խանգարում էր: Բայց սխալվեցավ:
—Այժմ կարող եք խոսել, ես կլռեմ, — հայտարարեց Համբարձումը բաժակները դատարկելուց ետ:
—Հա, — սկսավ Ավետիքը, — այն էի ասում, թե քահանաները ուղիղ պահք պահելը չսովորելով՝ ձեզ խաբում ու մոլորեցնում են:
—Հիմա այստեղ ես ի՞նչպես դիմանամ, — գլուխը շարժելով խոսեց ինքն իրեն Համաբարձումը, — հիմա էլ մեր քահանաներին խաբեբա է անվանում:
—Հարգելի պարոն Համբարձում, — խոնարհ ձայնով դարձավ Ավետիքը դեպի նրան,— դուք դարձյալ դժգոհություն եք ցույց տալիս, ես տեսնում եմ, որ դուք շատ նուրբ