Այս էջը հաստատված է

ծառայելու համար։ Ես և Սոմարյանցի տղան միասին էինք կարդում, ես նորանից ավելի լավ էի կարդում և նորանից ավելի շուտ ավարտեցի։ Բայց որովհետև աղքատ էի, ես գնացի դարբին Գուստավի մոտ արհեստ սովորելու, իսկ նա մտավ գիմնազիոն, այժմ էլ նա ուրախանում է յուր հարուստ հոր հյուրերի հետ։ Իսկ ես, իբրև մշակ, մի վերստ հեռավորությունից շալակել բերել եմ նրանց վանդակները։ Իհարկե, Շառլոտայի նման գեղեցիկ աղջիկները Սոմարյանցի տղին կսիրեին, իսկ ինձ վրա կծիծաղեին, շատ բնական է ..»։ Այս պես խոսելով նա մոտեցավ սանդուղքի լուսավորված մուտքին և հնչակը քաշեց։ Իսկույն երևեցավ ֆրակով և սպիտակ փողպատով մի սպասավոր։ Գևորգը նորան հայտնեց, որ Գուստավի գործարանից բերել է յուր տիրոջ պատվիրած վանդակները և խնդրում էր, որ կարգադրեն ծառաներին ներս տանելու։

Ֆրակով սպասավորը, ինչպես սպասելի էր, սաստիկ բարկացավ Գևորգի համարձակության վրա «Թշվառակա՛ն, գոչեց նա կոպիտ ձայնով,— չէի՞ր կարող այդ մասին դռնապանին հայտնել, որ ինձ էիր անհանգստացնում»։ Այս խոսքերով նա արագությամբ փակեց սանդուղքի մուտքը և անհետացավ։

Գևորգը մի քանի րոպե մնաց շվարած կանգնած. ծառայի հանդգնությունը վերջին աստիճանի վիրավորեց նորան, բայց ինչ կարող էր անել։ Նա լուռ ու մունջ ետ դարձավ և գտնելով դռնապանին, որ բակի դռան ետքում խռմփալով քնում էր, զարթեցրավ նորան և իրեն այդքան նեղություն պատճառող վանդակները նորան հանձնելով՝ գնաց տուն։

Գ

Գևորգենց տունը իսկապես մի հողե կտուրով աղքատիկ տնակ էր, բաղկացած մի մեծ սենյակից և մի խոհանոցից։ Դարբին Ղազարը հազիվ էր կարողացել այդ փոքրիկ կալվածը ձեռք բերել յուր ճակատի քրտինքով։ Ինքը երեխայությունից լինելով որբ և ամեն տեսակ պաշտպաններից զուրկ, դեռ տղա հասակում մուրալով էր ապրել։ Հետո յուր մի բարի