Այս էջը հաստատված է

ալ պիտի ըսեմ, պարոն բժիշկ, որ հրաշալի բան մ՚էր: Մատուց ի վեր է, որ Պոլսեն հեռի գտնվելու ապաբախտություն ունենալուս համար, ասանկ շենք ու շնորհքով ատենապանություն մը լսած չունեի։ Կցավեմ միայն, որ համառոտ անցաք։ Գիտե՞ք, ասանկ փափուկ նյութը մեր ազգային ժողովի մեջ երկար վիճաբանությանց առարկա կըլլա. ան ատեն տեսնելու է, թե մեր պատվելի երեցփոխանք ի՛նչ գովության արժանի ճիգեր կթափին ատենաբանությանց մեջ զիրար գերազանցելու։ Գեղեցիկ խոսելն ալ առանձին ձիրք մ՚է, զոր աստված ի վերուստ շնորհած է մեզ մահկանացուներոոուս։

Դժբախտաբար մեր Ռուսիո ազգայինք սա շնորհքե'ն զուրկ ըլլալուն համար, անոր հարգը, ինչպես որ կվայելի, չեն ճանչնար։ Մինչդեռ անգին պոլսեցի մը յուր կյանքը կտա գեղեցիկ ատենաբանություն մը լսելու համար…

— Փառավոր լինեք, պարոն Դեմուրջյան, շատ գեղեցիկ եք խոսում,— ընդհատեց նրան սեղանապետը, տեսնելով, որ պարոն ճառախոսի ախորժակը հետզհետե բացվում է խոսելու համար,— դուք այնքան բարի կլինեք, որ թույլ կտաք ինձ իսկույն ևեթ գործին ձեռնարկել, որովհետև ինչպես որ դուք, պոլսեցիներդ խոսելն եք սիրում, այնպես էլ մենք` ռուսաստանցիներս` գործելը,

— Շնորհ ըրեք, կաղաչեմ, կրնա՞մ մի ձեզ ընդդիմանալ,— այս ասելով պարոն Դեմուրջյանը կրկին դիմեց բժշկին և «Զեր թանկագին կենացը» ասելով բաժակը դատարկեց։

Երիտասարդ բժիշկ Դուդուկջյանը չկամենալով հարմար րոպեն ձեռքից թողնել, իսկույն թուղթ պահանջեց և սովորական վերտառությունը նրա վրա գրելով, առաջարկեց սեղանապետին ստորագրելու։

— Որովհետև առաջարկությունը ձերն է, առաջ դուք ստորագրեցե՚ք,— դարձավ սեղանապետը բժշկին։

— Ո՛չ, պարոն սեղանապետ. դուք եք այժմ մեր մեծն ու կառավարիչը, ձեզ է վայել առաջնորդ լինել մեզ և այս գեղեցիկ գործի մեջ։

Այս խոսքերը սեղանապետի ինքնասիրությունը գգվեցին, և նա գրիչը ձեռքն առնելով և բարձրաձայն արտասանելով, ստորագրեց` «Բանկիր Աբրահամ Տանպետյանց 500 ռուբլի»։