նրանց ցավերը չէք մեղմում, և այդ բանի համար ձեր քահանան ձեզ ոչինչ չի հիշեցնում, որովհետև եթե սխալվի և հիշեցնի իհարկե յուր բաժինը դուք կտաք այն խեղճերին: Այսպես, ձեր հոգևոր հայրերը ձեզ հետ ամեն բան հաշվով են գործում, և իրանց օգուտի համար ձեր հոգիները դժոխքի բաժին են դարձնում:
Ավետիքի այս խոսքերը լուռ լսվում էին բոլոր հյուրերը, միայն Համբարձումի համար յուր լռությունը շատ երկար թվաց: Նա քարոզչին ընդհատեց:
— Դե բավակա՛ն է, ի սեր աստծո, այստեղ ժամ չե՞ս շինելու, քարոզ ունիս, գնա քո «եղբայրներներիդ» քարոզիր:
— Դու էլ իմ «եղբայրն» ես, հարգելի պարոն Համբարձում, ուստի…
— Աստված ոչ անե, որ ես քո «եղբայրը» լինեմ, այն ժամանակ ես էլ քեզ նման մի անամոթ մարդ կլինեմ:
— Համբարձում, — հրամայող ձայնով դարձավ նրան տանտեր Գրիգորը, — ինչու՞ համար հայհոյում ես իմ հյուրին:
— Շատ լավ եմ անում, եթե դու էլ քո հյուրի քարոզներին հավանում ես, գնա նրա աղոթարանը, քեզ էլ այնտեղ ֆարմասոն կմկրտեն:
Ավետիքը հրճվում էր Համբարձումի կոպտությունները տեսնելով տանտիրոջ հետ, որովհետև համոզված էր, որ դորանով վերջինս յուր կողմը կանցնի: Բայց կամենալով մատռվակին էլ գրգռել, ասաց
— Զարմանում եմ, որ պարոն մատռվակի ներկայությամբ այդ Համբարձումը կարողանում է այսպես անպատիժ անկարգություններ անել. միթե մենք բոլորս էլ այժմ նրա խոնարհ հպատակները չենք:
— Ո՞Վ է այդ խռովարարը, պետք է դուրս հանենք այստեղից, — կարծես քնից արթնացած գոչեց մատռվակը:
—Այո՛, այո՛, պետք է դուրս հանել,— գոչեցին մի քանի տեղերից հյուրերը և միաբերան հաստատեցին, որ խռովարարը Համբարձումն է: Ուստի մատռվակի հրամանով զոռով դուրս հանեցին նրան մյուս սենյակը և ստիպեցին, որ քնե ու հանգստանա: Չնայելով, որ խեղճ Համբարձումը կաշվից