Այս էջը հաստատված է

ի մեծ ուրախություն հրավիրյալների, հայտնեց, որ ստորգրվածների գումարը հասնում է 4550 ռուբիու։

Դահլիճը դարձյալ թնդաց ուրախության աղաղակներով և ծափահարություններով։ Գևորգը մնացել էր ապշած։ Մի քանի րոպե նա կարծեց թե ինքը երազի մեջ է։ Նա մինչև անգամ մտաբերեց իրենց հարևան պառավ Սալոմեի պատմությունը, թե ինչպես մի գիշեր քաջքերը նրան տարել էին հարսանիք, ի՛նչպես նրան պատիվներ և ընծաներ էին տվել, ոսկե զարդեր էին հագցրել․ մինչևի լույս իր հետ խաղացել, պարել և քեֆ էին արել, իսկ հետո լուսաբացին տարել էին, որ սարից ներքև գլորեն, բայց նա իսկույն երեսին խաչակնքել էր և քաջքերն աներևութացել էին, իսկ ինքը ողջ և առողջ վերադարձել էր տուն։

Այս պատմությունը մտաբերելով, Գևորգը կամեցավ մինչև անգամ երեսին խաչակնքել, կասկածելով թե գուցե յուր տեսած բարի մարդիկներն էլ քաջքեր էին, ապա թե ոչ, ի՞նչ տարօրինակ երևույթ էր այս, որ երեկ Գուստավի գործարանում մշակի պես բանող գործավորը, որին երեկոյան ինչպես մի գրաստի շալակել էին տվել երկաթե վանդակները, մի քանի ժամից հետո հանկարծ մի այդպիսի շքեղ դահլիճում գտնվելր, այդքան մեծ պատիվներ ու գովությունների արժանանար, հարուստ մարդիկ իրենով հետաքրքրվեին, մի կետ ժամում 4550 ռուբլ փող ժողովեին իրեն համար, Պետերբուրգ ղրկելու խոստումներ անեին և այլն, և այլն։

«Չէ՛, չէ՛, սա երազ է», —շշնջաց ինքն իրեն պատանին և ձեռքի պատառաքաղը սեղանի տակով գաղտուկ դեպի ազդրը տանելով պինդ հրեց մարմնի վրա, որ տեսնե՝ եթե միսը ծակում է և ինքը ցավ է զգում, ուրեմն երազ չէ, իսկ եթե ոչինչ չէ զգում, ուրեմն ճիշտ որ քաջքերի մեջ է գտնվում։

Հարկ չկա ասել, որ հարուստի պատառաքաղը նոր և սուր լինելով, կատակներ չէ անում, այդ պատճառով էլ խեղճ Գևորգի բարակ վարտիքն ու ազդրը նրա սուր ծայրին չդիմադրեցին, և ծակվելով բավական կսկիծ պատճառեցին իրենց, տիրոջը։

Այսուամենայնիվ, Գևորգը շուտով զվարթացավ, երբ յուր հետ պատահածների երազ չլինելն ստուգեց։