հարցրեց նրանից Շառլոտան յուր խելոք և գեղեցիկ հայացքը սևեռելով Գևորգի վերա:
— Այո՛… ես արդեն հայտնեցի պարոն Գուստավին:
— Եվ պատճառն այն էր, որ մենք վանդակները երեկ ձեզ հանձնեցինք տանելու, այնպես չէ՞:
Գևորգը ոչինչ չպատասխանեց:
— Կարծում եմ մեղավորը ես էի: Եթե ես ներողություն խնդրեմ խո կմնա՞ք մեզ մոտ,— հարցրեց նորեն Շառլոտան:
— Ինչներուդ եմ ես պետք, օրիորդ, դուք արդեն ինձանից լավ շատ գործավորներ ունեք:
— Բայց ես կկամենայի, որ դուք անպատճառ մնայիք ինձ մոտ, դուք կարող էիք առաջ գնալ,— ասաց նրան Գուստավը:
— Նույնը ես էի ուզում ասել Գևորգ: Դուք իզուր եք ձեր երկու տարվա աշխատանքը կորցնում, դուք գուցե կզղջաք,— ավելացրեց Շառլոտան:
— Մեծապես շնորհակալ եմ ձեր բարերարությունից, բայց ինչ որ լինի, ես պետք է անպատճառ թողնեմ իմ ծառայությունը: Այդ արդեն վճռված գործ է:
— Եթե ես ավելացնեմ ձեր ռոճիկը, կմնա՞ք ինձ մոտ,— հարցրեց Գուստավը:
— Ո՛չ չեմ կարող:
— Հետո ինչո՞վ պիտի պարապեք…
— Ա՜խ, հայրիկ, ինչու՞ համար ավելորդ հարցեր եք անում դրան, — բարկացած ընդհատեց հորը Շառլոտան, — եթե չէ կամենում մնալ մեզ մոտ, թո՛ղ չմնա, մենք հո չպետք է աղաչենք նրան:
Յուր հաշիվը վերջացրեք և հետո՝ բարի ճանապարհ, ուր կամենում է, թող գնա:— Այս ասելով Շառլոտան բարձրացավ սանդուղքի վերա և մտավ տուն:
Օրիորդի այդ տեսակ վարմունքն ավելի խորը վիրավորեց Գևորգի սիրտը: Նա թեպետ վճռել էր թողնել Գուստավի գործարանը, բայց Շառլոտայի երևալը կարծես թե կոտրել էր յուր կամքի հաստատությունը, յուր տված պատասխանները շինծու էին, նա իսկույն կհաղթահարվեր Շառլոտայից, եթե նա շարունակեր յուր մեղմ և անուշ խոսակցությունը: Բայց