Այս էջը հաստատված է

աշխարհ։ 4500 ռուբլի. Պետերբուրգ. երաժշտական դպրոց. սրանք այնպիսի բաներ էին, որ բոլոր երիտասարդներին կգժվեցնեին։ Իհարկե, ես դեռ չեմ հիշում այն բախտավոր ժամանակը, երբ Գևորգը յուր ուսումը վերջացրած, պատվավոր դիպլոմով կթողնե Պետերբուրգի երաժշտական դպրոցը, երբ նա կտա յուր առաջին նվագահանդեսը և կհիացնե ժողովրդին. երբ հազարները, իբրև խոնարհ ծառա, միմյանց ետևից կգան կդարսվեն նրա գրպանում, երբ… բայց ո՞ր մեկը հիշել։ Մի՞թե բոլորիդ էլ հայտնի չէ, թե երբ բախտը ժպտում է մեկին յուր գեղեցիկ շրթունքներով և ավելի ևս գեղեցիկ աչքերով, ի՜նչ նախանձելի բարձրության է հասնում նա։

Տուն հասնելով Գևորգը պատմեց մորը Գուստավի հետ ունեցած խոսակցության բոլոր մանրամասնությունները, բայց չկարողացավ գովությամբ չհիշատակել Գոլստավի ազնիվ վարմունքը յուր հաշիվը վերջացնելու վերաբերությամբ։

— Նա միշտ բարի է եղել դեպի քեզ, որդի, դու էիր անշնորհակալը, որ իզուր տեղը թողեցիր քո պաշտոնը...— նկատեց նրան մայրը։

— Մի՛ խոսիր, մայրիկ, մի՛ խոսիր այլևս Գուստավի մասին,— շուտով ընդհատեց նրան Գևորգը,— այժմ ամեն բան վերջացած է և պետք է մտածել, թե ի՞նչ պատրաստությամբ պետք է ներկայանամ իմ բարեկամներին:

Թամարը լռեց:

— Այս կեղտոտ հագուստներով, իհարկե, չի կարելի այդ պատվավոր մարդկանց մոտ գնալ, — շարունակեց Գևորգը, — պետք է մի ձեռք նոր հագուստ գնել։

— Արա՛, ինչ կամենում ես, որդի, այդ քո գիտենալու գործն է։ Ես քեզ չեմ խանգարում։

— Շատ լավ, սիրելի մայրիկ, այժմ դու վեր կաց իմ պահած քսան ռուբլուց դարձյալ տասը բեր ինձ, որ մոտս ունեցածի հետ դառնա երեսուն, և ես կշտապեմ, քանի որ խանութները չեն կողպել, մի ձեռք հագուստ կգնեմ, վաղն ուշ կլինի։

Թամարը վեր կացավ տեղից, բացավ սնդուկը և յուր