—Այո՛, դուք այնպես պատվիրեցիք և ես չկամեցա ճշտիվ չկատարել ձեր պատվերը:
—Զեմ կարծում, թե ես այդպես բան լինիմ պատվիրած: Այսուամենայնիվ, այդպես շուտ ձեր պաշտոնը թողելնիդ անխոհեմություն է:
—Բայց ես ձեր պատվերը կատարեցի:
—Այդ միևնույն է, բայց ինչ որ է, անցել է:
—Այժմ ի՞նչ եք հրամայում, որ ես անեմ, պարոն բժիկ, — հարցրեց Գևորգը մի փոքր վրդովված:
—Դուք պետք է գնաք պարոն Տանպետյանցի տունը: Ստորագրության թուղթը նրա մոտ է, նա պետք է փողերը հավքե և հարկավոր հագացողությունը անե ձեզ համար։ Ինչ որ ինձ է վերաբերում, ես արդեն արել եմ, և կարծեմ բավական մեծ բան եմ արել ձեզ համար։
—Մեծապատիվ շնորհակալ եմ ձեզանից, պարոն բժիշկ․ միայն թե դուք բարեհաճեիք…
—Ո՛չ, ո՛չ, ինձ ուրիշ ոչինչ չի մնում անելու, դուք դիմեցեք պարոն Տանպետյանցին, նա ամեն բան կհոգա,—այս խոսքերով ընդհատեց բժիշկը Գևորգին և մտավ յուր առանձնարանը:
Գևորգը նույնպես դուրս գնաց: Սանդուղքներով իջնելիս քիչ էր մնում, որ նա գլխի վերա ցած գլորվեր, այնքան նա վրդովված և շփոթված էր: Վերջապես նա դուրս գնաց փողոց:
Դրսի օդը նրան մի փոքր օգնեց: Նա կանգնեց բժշկի տան մուտքի մոտ և ընկավ խորը մտածության մեջ: «Եթե գործն այսպես շարունակվի, ի՞նչ կլինի իմ ապագա վիճակը,— շշնջաց նա, բայց մի քանի րոպեից հետո սիրտ առնելով, քայլերը շտապեցրեց դեպի Տանպետյանցի տունը:
—Ուշացաք, պարոն, իմ աղան արդեն դուրս գնաց և նա ժամը երկուսին կվերադառնա, — եղավ Տանպետյանցի ծառայի պատասխանը:
Գևորգը մնաց շվարած:
«Այժմ ի՞նչ պատասխան տանեմ մորս, նա սպասում է ինձ, — մտածեց ինքն իրեն Գևորգը, — առաջին քայլափոխում իսկ ես անհաջողության եմ հանդիպում… Եվ եթե այսպես