հատկությանց տեր աղջիկներ, մանավանդ երբ դրանք աշխատում են կարանոցներում։ Բայց իսկույն կծանոթացնեմ ձեզ նրա հետ: Հեղինեն թիֆլիսեցի չէր։ Նրա ծնողները նոր էին գաղթել այստեղ մի գավառական քաղաքից: Նրանք շատ պարկեշտ մարդիկներ էին, և Հեղինեն կրթվելով նրանց հոգատարության տակ, պարզ է, որ բոլորովին չպիտի նմաներ այստեղացիներին։ Հեղինեի հայրը պարապում էր հյուսնությամբ, մայրը մերձակա հարուստ տներում լվացարարություն էր անում, իսկ իրեն մի քանի ամիս էր, ինչ որ տվել էին տիկին Բերնարի մոտ կար ու ձև սովորելու։ Հեղինեն այդտեղ էլ մի քանի ուրիշ աղջիկների պես ապրում, ուտում և հագնվում էր տիկին Բերնարի հաշվով, և միայն կյուրակե օրերը գնում էր յուր ծնողացը այցելելու։
Հասարակությունը որի մեջ ապրում էր նա և որը բաղկացած էր աղքատ ընտանյաց աղջիկներից, կարող էր վնասավոր լինել Հեղինեի պես մի անփորձ աղջկա համար: Հաճախ նա լսում էր յուր ականջների համար բոլորովին խորթ զրույցներ, անպատկառ խոսակցություններ, որոնք առհասարակ անպակաս են լինում կարանոցներում։ Բայց նա կարողանում էր տիրել իրեն։ Նա զզվում էր, և այդ տեսակ անախորժ վայրաբանությունները չլսելու համար քաշվում էր կարանոցի մի հեռավոր անկյունը և լուռ ու մունջ կարում էր յուր գործը։ Բայց միշտ այդպես վարվել նրան չէր հաջողվում: Պատահում էր, որ նա ստիպված էր լինում կարել մի մեծ գործ, երեք-չորս աղջիկների հետ միասին, որոնք այդ ժամանակ էլ շարունակում էին իրենց վայրաբանությունները, մանավանդ, երբ տիկին Բերնարն այստեղ չէր լինում: Այդպիսի դիպվածներում Հեղինեն գործ էր դնում յուր բոլոր ուժը՝ այդ աղջիկների մեջ ամոթի զգացմունքը զարթեցնելու համար, և նրա ջանքը երբեմն պսակվում էր հաջողությամբ:
Բոլոր կարողների մեջ նա միայն երկու աղջիկների հավանեց, որոնք թե՛ բնավորությամբ և թե՛ աշխատասիրությամբ նմանվում էին իրեն։ Նրանցից մեկը Նինոն էր, խառատ Օսեփի աղջիկը, որ թեպետ մի առանձին գեղեցկություն չուներ, բայց հայտնի էր յուր չափազանց բարի և ազնիվ բնավորությամբ, իսկ մյուսը ղազազ Ալեքսի թոռը՝ Շուշանը,