Այս էջը հաստատված է

Սալոմեին չես հարցնում,– խոսեց սևազգեստ կինը, հետևելով երիտասարդին, որ բարձրանում էր դեպի զառիվայրը։

–Ես քեզ վերա շատ եմ բարկացած, Սալոմե, գիտե՞ս, թե ոչ։

–Ի՞նձ վերա, և ինչո՞ւ համար, որդի,– վախենալով հարցրեց Սալոմեն։

–Տիկին Բերնարի կարանոցում մի աղջիկ կա, դու նրա մասին ինձ ոչինչ տեղեկություն չես տվել մինչև այսօր։

–Տիկին Բերդարի՞․․․ այդ կարանոցը ես․․․

–Այդ կարանոցը դու երևի չես էլ ճանաչում։

–Այո՛, որդի՛, ինչ թաքցնեմ, չեմ ճանաչում։

–Հիմա՛ր թե ասում էիր ամբողջ Թիֆլիսը ճանաչում ես. մինչև այսօր խաբու՞մ էիր ինձ։

–Ինչո՞ւ այդպես բան ես ասում, որդի, ես քեզ ինչո՞ւ համար պիտի խաբեմ․ մի՞թե ամբողջ Թիֆլիսում մի այնպիսի կորած անկյուն չի՞ պատահիլ, որը ես չճանաչեմ։

–Բերնարի կարանոցը կորած անկյուն չէ, նա քաղաքի մեջտեղումն է և ամենալավ փողոցի վրա։

—Հազար անգամ ներողություն եմ խնդրում։ Բայց ի՞նչ ես հրամայում, ասա, որդիս, ես իսկույն կկատարեմ։

–Վաղը ամեն բան վերաջավ պետք է լինի։

–Այժմ իսկ կարող ես վերջացած համարել, միայն պատմիր, թե բանն ինչումն է։

Մինչ այս նրանք հասել էին Սալոմեի տան բակը, մի շատ կարճ ճանապարհով։ Պառավը հրավիրեց երիտասարդին յուր կացարանը։ Սա մի փոքիկ տնակ էր, բաղկացած երկու սենյակներից։ Նրանցից մեկը տանտիրուհու և՛ հյուրանոցը, և՛ սեղանատունը և՛ դահլիճը, և՛ ննջարանն էր, կահավորված ամենահասարակ կարասիներով որոնք աչքի էին ընկնում իրենց զանազանակերպ աններդաշնակությամբ։ Նրա աջ կողմը դրված էր մի թախտ, ծածկված թաղիքներով, իսկ նրանց վրայով փռված էր մի կոշտ և կեղտոտ օթոց։ Պահարանի նման մի խորության մեջ վառվում էր կանթեղը, որի ծուռ կտրված պատրյուգից առաջացած ծուխը սևացրել էր ապակիի ամբողջ կեսը։ Հարևան սենյակը Սալոմեի խոհանոցը մառանը, և փայտատունն էր։ Նրա բաց դռներից փչում էր մի