կյուրակե օրը նա իմ առանձնարանում պիտի լինի, որովհետև ես խոստացել եմ մեր Մարգարին, որ այդ օրը Ելենայի հետ միասին ճաշ տամ նրան այնտեղ։
Պառավը մի փոքր ժամանակ մնաց լուռ և աչքերը սևեռեց գետնին: Երևում էր, որ նա մի մեծ արգելք է նկատում յուր ճանապարհի վրա. նա հետզհետե ընկղմվում էր մտածողության մեջ։
— Սալոմե՛, ի՞նչ ես լռել, քնո՞ւմ ես, — գոչեց հանկարծ երիտասարդն այնպիսի ձայնով, որ պառավը վեր թռավ:
— Չեմ քնում, որդի, մտածում եմ։
— Ի՞նչ ես մտածում. քեզ խոսք եմ ասում, կյուրակե օրը Ելենան իմ առանձնարանում պիտի լինի։
— Լսեցի, որդի, լսեցի։
— Լսելը բավական չէ. դու ինձ ասա՛, խոստանո՞ւմ ես, որ նրան կբերես ինձ մոտ։
— Մի փոքր համբերություն ունեցիր, որդի, առաջ մի տեսնեմ ինչ աղջիկ է, ասում ես, թե թիֆլիսեցի չէ, կարելի է ծնողները չեն համաձայնում, այն ժամանակ շատ դժվար…
— Լռի՛ր, լռի՛ր,— ընդհատեց Սալոմեին երիտասարդը,— ես քեզ ասել եմ, որ ինձ մոտ այդպիսի բաներ չխոսես. «չեմ կարող, կամ դժվար է» բառերն ինձ մոտ բերանիցդ չհանես, հասկացա՞ր։ Կյուրակե օրը նա ինձ մոտ պիտի լինի:
Այս ասելով երիտասարդը վեր կացավ տեղից։
— Ինչո՞ւ ես բարկանում, որդիս, եթե այդ է քո ցանկությունը, ինչպե՞ս կարող եմ հակառակել,— հեզությամբ պատասխանեց պառավը, — միամիտ եղիր, կերթամ, կաշխատեմ և չեմ ուտիլ, չեմ քնիլ, մինչև չկատարեմ քո ցանկությունը, Սալոմեի համար այդ խո առաջինը չէ՞։
— Ա՛յ, այդպես պետք է խոսես, Սալոմե, այն ժամանակ ես քեզանից շնորհակալ կլինիմ. աշխատիր, որ երբեք ինձ չբարկացնես. դու խո գիտե՞ս, ես ինչ բնություն ունեմ։
Այս ասելով երիտասարդը հանեց գրպանից յուր պորտմոնեն և մի քանի թղթադրամներ պառավի ձեռքը խրելով դուրս գնաց սենյակից։
Սալոմեն դարձյալ նույն ճանապարհով ուղեկցեց նրան մինչև կառքը: