շնորհք, որով նա կարող էր բոլոր երիտասարդների և աղջկերանց գաղտնիքները հասկանալ, նրանց ապագան գուշակել, աստծու բարկությունը մարդիկներից հեռացնել և այլն, և այլն։
Հարկ չկա ասել, որ Սանդրոյի մահից հետո, Սալոմեն քաղցից կմեռներ, եթե սուրբ Ծիրանավորը նրան մարգարեության այդ շնորհքը չտար։
Եվ այսպես, տասը տարի առաջ Հավլաբարում «դերձակ Սանդրոյի կին» անունով հայտնի Սալոմեն մի գեղեցիկ օր երևեցավ մեզ հայտնի թաղում «գրբաց Սալոմե» անունով և ամսական երկու ռուբլիով վարձեց ա՛յն տունը, որի մեջ մինչև այսօր էլ ապրում է նա:
Հետզհետե նրա մոտ սկսավ հաճախել իրենց ապագայի հետ ծանոթանալ ցանկացող կանայք և աղջիկներ: Սալոմեն շատ ճշտությամբ գուշակում էր նրանց սրտի ցանկությունները, ցավերը, հոգեկան վշտերը և զարմանալի մարգարեություններ էր անում նրանց ապագայի համար, որոնք միշտ կատարվում էին։
Այսպես, օրինակ, մի մանկամարդ կին հայտնում էր նրան, որ ինքը սիրում է այսինչ երիտասարդին, բայց ամաչում է յուր սերը հայտնել նրան. ուստի խնդրում էր Սալոմեին, որ փալին նայե ու տեսնե, արդյոք հույս կա՞, որ այդ երիտասարդն էլ իրեն սիրե։
Սալոմեն իսկույն շարում էր յուր թղթերը զանազան ուղղությամբ, երկար նայում էր նրանց վրա, ապա զատում էր նրանցից մի քանիսը, կրկին խառնում էր, կրկին շարում, և հետո սկսում էր յուր գուշակությունները: — «Այդ երիտասարդը երեք օրից հետո առանձին քեզ նամակ կգրե, կհայտնե քեզ յուր սերը, մի տեղ կնշանակե, ուր դուք իրար հետ կտեսնվիք և ապա կսկսեք ձեր բարեկամությունը...»։ Եվ իրավ, երեք օրից հետո մանկամարդ կինը ստանում էր յուր սիրած երիտասարդից առանձին նամակ, նրանք տեսնվում էին իրար հետ և սկսում էին իրենց երջանիկ բարեկամությունը...
Ի՞նչպես էր պատահում այդ. հրաշքո՞վ,— ո՛չ. ամենապարզ եղանակով։ Սալոմեն մանկամարդ տիկնոջ գաղտնիքն իմանալուց հետո անձամբ տեսնվում էր երիտասարդի հետ,