Այս էջը հաստատված է

որտեղից յուր ամուսինը դուրս գնաց։ Բայց մի փոքր հետո նա ուշքի եկավ և դառն հեկեկանքով սկսավ լալ։

Երեխաները մյուս սենյակում խաղում էին, նրանք չտեսան, թե ի՞նչ պատահեցավ իրանց մոր հետ։ Իսկ Մանիշակը հարևանի տանից դառնալով, երբ յուր մայրը գտավ լալիս, մնաց շվարած։

— Ի՞նչ պատահեցավ քեզ, մայրիկ, ինչո՞ւ լալիս ես,— հարցրավ նա մորը:

Իսկ վերջինս ո՛չ միայն ոչինչ չպատասխանեց, այլև աղջկանը տեսնելուն պես ավելի ևս սկսավ արցունքներ թափել։ Քնքույշ Մանուշակը չդիմացավ մոր արտասուքներին, և ինքն էլ նրա հետ սկսավ լալ։ Երկար այս աղիողորմ տեսարանը շարունակվում էր։ Ի վերջո մայրը սթափվելով դադարեց լալուց և բեկված սրտով սփոփեց աղջկանը։ Սակայն վերջինիս համար դեռ անբացատրելի մնաց յուր մոր լացի պատճառը։

Եվ իրավ, ինչու՞ համար խեղճ կինը այդ աստիճան վշտանում էր, ի՞նչն էր նրա արտասվաց և հուսահատության պատճառը։

Այդ յուր ամուսնու լութերական դառնալու երկյուղն էր, երկյուղ, որ պաշարել էր նրան այն րոպեից սկսած, երբ քարոզիչ Ավետիքը իրանց սեղանի վրա նստած տեսավ: «Լութերական»— այս բառը գավառեցի հայ կինը սառնասրտությամբ լսել չէ կարող, նա ակնհայտնի խորշում է նամանավանդ այդ անունը կրող հայից։ Որքան կամենում եք դատապարտեցեք նրա այդ զգացմունքը, կամենում եք նախապաշարված կոչեցեք նրան, կամենում եք մոլեռանդ,— այդ նրա հոգը չէ, նա միայն գիտե, թե պետք է խորշել այդ կրոնափոխ մարդիկներից, որովհետև դրանց այդ հավատավաճաառության գործի մեջ նա ոչինչ ազնիվ և բարի բան չէ նկատում։ Մի բան, որ անհերքելի իրողություն է մնում հայ կնոջ համար, այդ այն է, որ նա յուր նուրբ դիտողությամբ պարզ տեսնում է, թե յուր ընտանյաց այն անդամը որ տգիտությամբ բռնվում է այդ մարմնազգեցիկ դևերի ցանցի մեջ, նա ընդմիշտ կորչում է յուր ընտանյաց համար։ նա այլևս ամենօրվանը չէ, նրա մեջ սառչում են սովորական զգացմունքները, նրա սիրտը