մյուս կողմից Շուշանը։ Իսկ Ելենան, որ արտաքուստ բնավ չէր հաշտվում յուր ընկերուհիների կատակների հետ, ներքուստ մեծ հրճվանք էր զգում սիրած երիտասարդի մասին այդքան արձակ խոսակցություններ լսելուն համար։ Նա մինչև անգամ մի առանձին փութաջանությամբ սկսեց յուր կարը։ Բայց տիկին Բերնարի նոր պատվերն անհանգստացնելու չափ հետաքրքրում էր նրան։
Ի՞նչ էր արդյոք պատճառը, որ նա շտապեցնում էր երիտասարդի գործը։ Ելենան շատ լավ հիշում էր, որ երեկ տիկին Բերնարը նրան ոչինչ խոստում չէր արել շապիկները շուտ հանձնելու համար, և եթե արած էլ լիներ, ինչո՞ւ առավոտվանից չտվավ նա այդ պատվերը կարողներին։ Եվ վերջապես ո՞վ էր այն կինը, որ նրան կանչեց, ինչ էր խոսում նա նրա հետ, այդ մանավանդ շատ հետաքրքրում էր իրեն, որովհետև նրա խոսածների և տիկին Բերնարի նոր պատվերի մեջ նա մի կապ էր նշմարում, բայց ճշմարտության հասու լինել չէր կարողանում։
Մինչև այն, տիկին Բերնարի մոտ շատ կանայք էին եկել, և տիկին Բերնարը շատ նոր պատվերներ էր տվել յուր կարողներին, բայց այդ դեպքերից և ոչ մեկն իրեն չէին հետաքրքրել։ Իսկ այսօր.․․այսօր նա ամեն ել ու մուտ հետաքրքրությամբ դիտում է, բոլոր խոսակցությունները լսում է, բոլոր ակնարկները զննում է։ Մի գաղտնի նախազգացմունք անհանգստացնում է նրան, նա սպասում է մի ինչ-որ նորության, որ անշուշտ իրեն պիտի վերաբերեր... և այդ նորությունը, որի ինչ լինելն ինքը չգիտեր, մերթ ուրախացնում և մերթ սարսափեցնում էր նրան:
ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Բարոյախոսները թանկագին հարստություն են համարում «վարկը» և «պատիվը», և նրանը անարատ պահելու համար քարոզներ են կարդում մեր գլխին։ Բայց մարդկությունն ավելի շնորհապարտ կլիներ նրանց, եթե այդ հարստությունը պաշտպանելու համար, դրանք կարողանային զենքեր հնարել