Այս էջը հաստատված է

և մեր ձեռքը տալ։ «Քարարողները» շատ թույլ միջոցներ են «պատվի» սեփականությունը պաշտպանելու համար, մանվանդ, որ նրանք շատ անգամ ծառայում են իբր զենք հենց ա՛յն մարդկանց ձեռքում, որոնք «վարկի» և «պատվի» գողությամբ են ապրում։ Նյութական հարստություն պաշտպանելու գործն ավելի դյուրին է, քան բարոյական հարստության։ Առաջինի համար բավական են երկու զորեղ բազուկներ և մի փայլուն սուր, նյութական հարստությունը մեր տան մեջ, մեր առջևն է. հափշտակողին մի հարված, և դատաստանը վերջացած է։ Իսկ բարոյական հարստությունը..․ ավա՜ղ նա մեր ձեռքում չէ. նա գտնվում է հասարակաց կարծիքի հրապարակի վրա։ Շատ անգամ ճարպիկ սրիկաներ գողանում են նրան առանց մեր գիտության. և հենց այն րոպեին (երբ մենք պաշտպանում ենք նրան` կարծելով, թե նա մեր ձեռքում, մեր գրկումն է, նա հրապարակի վրա վաճառքի է հանվում...

Հասարակաց կարծիքը չէ որոնում ավազակներին, չէ պատժում մեր բարոյական հարստությունը գաղտագողի հափշտակողներին. միայն մի բան գիտե. նա դատավոր է նստում մեր գլխին և դատապարտում է մեզ, որ մենք մեր «վարկը» և «պատիվը» կորցրինք... Իսկ ճշմարտությունը «Օ՜հ, նա ամենից երկչոտ արարածն է։ Նա տեսնում է, թե ինչպես խորամանկները մեր շփոթությունը նկատելով անկյուններում ծիծաղում են, խեղկատակներն անխղճաբար ծաղրում են մեզ և ամբոխը քարեր է շպրտում մեզ վրա. նա տեսնում է այս ամենը, նա գիտե, որ մենք արդար ենք և դարձյալ երկյուղից կծկվում է յուր գաղտնարանում, և լույս աշխարհ գալիս միայն այն ժամանակ, երբ մենք արդեն ամբոխի կատաղի հարվածներից անշնչացած` գլորված ենք գետնի վրա..

Ի՞նչ դարման ունին արդյոք բարոյագետներն այս ցավալի դրության համար, իհարկե ոչինչ...

Մութը կոխել էր. կրպակներում հետզհետե վառվում էին կանթեղները և գնալով փողոցների մեջ անցուդարձը կենդանանում էր։ Բերնարի կարանոցը միայն բացառություն էր կազմում լուսավորված խանութների շարքի մեջ։ Նրա դռները պինդ-պինդ կողպվում էին, որովհետև օրվան այդ