այդտեղ դադարում էին աշխատանքները։ Երթևեկ բանվորուհիներն արդեն ցրվել էին իրենց բնակարանները, և տիկին Բերնարի մոտ մնում էին նրա սակավաթիվ գիշերօթիկները, որոնք մի մեծ սենյակի մեջ հավաքված շաղակրատում էին, կատակներ էին անում և ծիծաղում էին։ Ելենան նրանց մեջ չէր․ այդ ժամանակ նա գտնվում էր տիկին Բերնարի առանձնասենյակում։
—Դու ասում ես պատրա՞ստ է արդեն այն պարոնի շապիկները, — հարցնում էր Ելենային տիկինը, անցուդարձ անելով սենյակի մեջ։
—Այո՛, ես ինքս իմ ձեռքով դարսեցի նրանց կողովի մեջ. նա բոլորովին պատրաստ է, կարող եք ուղարկել։
—Շատ լավ, շատ լավ,— մեքենայաբար կրկնեց տիկինը և մի քանի անգամ անց ու դարձ անելուց ետ եկավ նստեց փափուկ բազկաթոռի վրա։
—Արի նստի՛ր ինձ մոտ, Ելենա, քեզ հետ գաղտնի խոսելիք ունիմ, – ասաց նա և մի աթոռ քաշեց իրեն մոտ։
Ելենան ծանր և կարծես ակամա քայլերով մոտեցավ տիկնոջը և նստեց նրա կողքին։
–Դու տեսա՞ր երեկվա երիտասարդին, Ելենա՛,– հարցրեց տիկինը։
–Ի՞նչ երիտասարդ։
–Ա՛յն, որ մեզ շապիկներ պատվիրեց։
–Այո՛․․․ի՞նչ կա։
–Դու նրան հավանո՞մ ես։
–Ի՞նչպես թե հավանում եմ, տիկին, ես ձեզ չեմ հասկանում,– հարցրեց Ելենան շառագունելով։
–Այնպե՛ս էլի, չե՞ս հասկանում․ ուզում եմ ասել, հավանո՞մ ես նրա գեղեցկությանը, նրա շնորհքին, նրա․․․
—Ա՜խ տիկին, թողեք խնդրեմ. այդ ի՞նչ հարցեր են,– դժգոհությամբ ընդհատեց նրան Ելենան և կամենում էր տեղից վեր կենալ:
—Սպասի՛ր, ո՞ւր ես գնում. ես քեզ հետ կատակի համար չեմ խոսում, այլ կարևոր գործի և քո օգտի համար,– նկատեց նրան տիկինը և ձեռքից բռնելով նստեցրեց յուր