Այս էջը հաստատված է

— Ա՜հ Ելենաս — սուրբ ձայնով ճչաց Հռիփսիմեն և ուշափափ գլորվեցավ գետին:

— Ի՞նչ արի՛ր դու, Եղիսաբեթ, ինչո՞ւ սրան էլ ես սպանում, — սոսկալով գոչեց Անտոնը և շտապով գրկեց դալկահար և ուշաթափ ամուսնուն:

Եղիսաբեթը դողալով վազեց տուն և ջրի սափորը քարշ տալով բերավ և սկսեց ջուր սրսկել Հռիփսիմեի վրա: Անտոնը որքան ուժ ուներ ձեռքերում, սկսավ շփել նրա մարմինը, քաշել ականջներից և կամ մատներն ատամների մեջ խրելով աշխատում էր զոռով բաժանել նրա միմյանց հետ կպած ծնոտները:

Անցան մի քանի վայրկյաններ, և Հռիփսիմեն աչքերը բացավ «Ելենաս, ո՞ւր է Ելենաս…», նվաղած ձայնով մրմնջաց նա, և կրկին թուլացավ:

Անտոնը և Եղիսաբեթը կրկնապատկեցին իրենց ջանքերը և մի քառորդ ժամից հետո հազիվ հաջողեցան ուշքի բերել Հռիփսիմեին, որն այժմ սկսել էր դառնապես լալ և մազերը փետել:

— Անտոն ու՞ր է Ելենաս, նրան տարել են, նրան սպանել են… ինչու՞ համար ես կանգնել, գնա՛, գնա՛ գտիր նրան… — անդադար հեծեծում էր խեղճ կինը և անխնայաբար գլուխը և ծնկները հարվածում:

Թշվառ ընտանիքի լաց ու կոծի վրա հավաքվել էին դրացիներից և դրացուհիներից մի քանիսը. նրանք սիրտ էին տալիս Հռիփսիմեն, հուսադրում էին նրան, բայց բոլորի ջանքերն էլ ապարդյուն էին անցնում. Հռիփսիմեն ոչինչ չէր ուզում լսել, նա անդադար յուր անձը կոծում էր: Վերջապես խառատ Օսեպը որ նրանց դրացիներից մինն էր, առաջարկեց Անտոնին յուր հետ միասին գնալ և ոստիկանության հայտնել, խուզարկություն անելու համար:

Խեղճ Անտոնը մինչև այն արձանացած էր. արտասվաց կաթիլները սառել մնացել էին յուր ծնոտների վրա: Դրացու առաջարկությունը լսելուն պես կարծես նա նորից արթնացավ, յուր կորուստի սոսկալի ծանրությունն զգալով սկսավ դառնապես լալ: Հետո գլխակոր առաջ անցավ ուստիկանատունը գնալու համար: