Այս էջը հաստատված է

վերիվերո պատրաստվելուց հետո Ելենան կիսաձայն հարցրեց աղախնուց։

— Ո՞ւր է նա...

— Ո՞վ, աղա Սամվե՞լը։

— Այո՛։

— Նա մյուս սենյակումն է և սպասում է ձեզ հետ միասին թեյ առնելու։

Ելենան լռեց։

— Դուք կամենում եք գնալ նրա մոտ, այնպես չէ՞, գնանք, ես ձեզ ցույց կտամ նրա սենյակը։ — Ելենան դարձյալ անխոս հետևեց աղախնուն։

— Ահավասիկ, այստեղ է աղա Սամվելը, կարող եք մտնել։ — Այս ասելով աղախինը հեռացավ։

Ելենան չհամարձակվեցավ դուռը բանալու. նա անշարժ կանգնել էր նրա մոտ։ Բայց աղախնու խոսակցությունը լսել էր Սամվելը, ուստի և շտապով սենյակից դուրս եկավ։

— Դու արդեն զարթնել ե՞ս, դիտմամբ թույլ տվի քեզ երկար քնելու. ինչու՞ համար ես կանգնել այդտեղ, արի՛, արի՛ ներս, — և այս ասելով նա կամեցավ բռնել Ելենայի ձեռքը։

— Հեռու, հեռու ինձանից, — ետ֊ետ քաշվելով բացականչեց Ելենան, — ես սարսափում եմ ձեզանից...

— Ելենա, հոգյակս, ի՞նչ է պատահել քեզ. մի՞թե դու տխուր ես, մի՛թե դու ինձ ատում ես...

— Այո՛, ես ձեզ ատում եմ, ես ի՞նչ ունիմ այստեղ, ո՞վ եք դուք, ինչու՞ համար ես ձեր տան մեջ եմ, ինչու համար ինձ խաբեցիք... ի՞նչ պիտի անեմ ես այսուհետև...— իրար ետևից հարցրեց Ելենան և սկսեց հեկեկալ։ Նրա՝ ամոթից, երկյուղից և հոգեկան տանջանաց սաստկությունից կապված արտասուքներն սկսան առվի պես հոսել։

— Ելենա՛, հոգյա՛կս, ինչու՞ համար ես այդպես նեղսրտում, ինչու՞ համար ես արտասվում, մի՞թե ես քեզ խաբել եմ, և մի՞թե ես կարող եմ խաբել։ Ամոթ չէ՞, որ այդպես խոսք ես ասում ինձ։ Գնա՛նք, գնա՛նք, հոգյակս։ Այդպես հիմար մտածմունքներով մի նեղացնիլ քեզ. մի՞թե դու մոռացար այն ամենն, ինչ որ ես քեզ հետ երեկ խոսեցի: Դու իմ նշանածն ես, մի քանի օրից հետո մենք կպսակվենք, մենք