բախտավոր կլինենք… Եվ այս խոսքերի հետ նա Ելենային զոռով յուր թևն առավ և մտավ սենյակը:
— Բայց ո՞ւր եք քաշար տալիս ինձ. ես պետք է իմ ծնողաց մոտ գնամ. նրանք այժմ ինձ սպասում են, նրանք կգան իմ ետևից և ինձ կարանոցում չգտնելով կշվարեն, կխելագարվեն... թողեք ինձ, որ ես գնամ նրանց մոտ. գոնե նրանցից կարողանամ ծածկել առայժմ իմ ամոթալի արարքը... իմ խայտառակությունը...
Բայց Սամվելը չէր կարող նրան թողնել. Ելենան դեռ մի քանի ժամ էլ հարկավոր էր իրեն,— նա պետք է յուր խոստումը կատարեր. այսինքն յուր ընկեր Մարգարին պիտի ծանոթացներ Ելենայի հետ և երեքը միասին պիտի ճաշեին այսօր, ինչպես Սամվելը խոստացավ էր այդ Մարգարին մի քանի օր առաջ:
— Դու այժմ չես կարող գնալ, Ելենա, դու այսօր պիտի ճաշես այստեղ,— ասաց Սանվելը,— որոհետև...
— Ո՛չ, ո՛չ, մի՛ ասեք, ես չեմ կարող մնալ,— լալով ընդհատեց նրան Ելենան,— իմ ծնողներն այժմ ինձ պտրտում են, նրանք ցավից կմեռնեմ, ես պետք է գնամ նրանց մոտ:
— Լսի՛ր, սիրելի Ելենա, ես այսօր հրավրել եմ այստեղ իմ բարեկամ և ընկեր Մարգարին, որը պետք է իմ և քո խաչեղբայրը լինի: Մեր պսակի մասին մենք այսօր միմյանց հետ կարևոր խոսելիք ունինք, և դու էլ անպատճառ ներկա պիտի լինիս այդ խոսակցությունը․ ուրեմն քո ծնողներդ մի քանի ժամ առաջ տեսնելու պատճառով այդ կարևոր գործը մի խանգարիր․ Մարգարը գուցե երկրորդ անգամ քեզ տեսնել չկարողացավ․ իսկ ես կամենում եմ, որ մեր պսակը շատ շուտ կատարվի․ հասկանո՞ւմ ես․ բայց եթե դու թողնես գնաս, այն ժամանակ ամիսներով կուշանա մմեր ամուսնության գործը։Դու ինքդ է ցանկանաս այդ բանը, որովհետև դրանով կդժբախտանես թե՛ ինձ և թե՛ քեզ․․․
Ի՞նչ աներ Ելենան, այն խեղջ, անմեղ աղջիկը։ Կամուրջն արդեն ետևից վերցված էր, ճանապարհին կիսից ետ դառնալն անհնարին էր․․․ Բացի այդ, նա սիրում էր Սամվելին․ նա հավատում էր նրան․․ և մի՞թե կարող էր ընդդիմանալ,