Այս էջը հաստատված է

մանավանդ, երբ հարցը օրինավոր ամուսնության էր վերաբերում։

Եվ նա համաձայնվեցավ մնալ։

ԽՈՍՏՈԻՄՍ ԿԱՏԱՐԵՑԻ

Կեսօրից երկու ժամ արդեն անցել էր։ Սամվելը Ելենային յուր թևն առած զբոսնում էր առանձնարանի հովանավոր այգիում և զանազան խոսակցություններով ու սիրալիր կատակներով զբաղեցնում էր նրան, աշխատելով միառժամանակ ցրել նրա տխրությունը։ Նրանք դեռ չէին ճաշել և սպասում էին իրենց ապագա խաչեղբայր Մարգարին։ Վերջինս շատ էլ սպասեցնել չտվավ։ Հազիվ երկու զույգերը մի փոքր հանգստանալու համար նստեցին շատրվանի մոտ գտնվող նստարանի վերա և, ահա, պարտիզի կանաչ վանդակադռան մեջ երևեցավ Մարգարը։ Մոտենալով շատ քաղաքավարությամբ ողջունեց նա Ելենային և Սամվելին։ Վերջինս ծանոթացրեց նրան յուր սիրուհվո հետ, յուր «ապագա հարսնացուն» անվանելով նրան։

— Ամենից առաջ պատիվ ունեմ ձեր թանկագին առողջության մասին հարցնել, օրիորդ։ Ես ինձ բախտավոր եմ համարում այս րոպեին ձեր ընկերության մեջ գտնվելուս համար,— այս բերան արած հաճոյախոսությամբ դիմեց Մարգարը Ելենային։

— Շնորհակալ եմ, պարոն, շատ լավ եմ, —ամաչկոտ ձայնով պատասխանեց Ելենան և աչքերը գցեց գետնին։

— Իսկ հետո սրբազան պարտք եմ համարում խոստովանել ձեր առաջ,— դարձավ նա Սամվելին,— որ դուք մի շատ քաջ երիտասարդ եք, և արժե ձեզ հարգել, որովհետև ինչ որ խոստացաք, այն էլ կատարեցիք։ Այսուհետև ես ձեզ կանվանեմ «ամենակարող»․․․

— Դուք ա՛յն առևտրական գործի վերաբերությամբ եք խոսում, — ընդհատեց նրան Սամվելը (տեսնելով, որ յուր բարեկամը քիչ է մնում, թե յուր հիմարությամբ ամեն