իրեն: Եթե մեկը ճանապարհին դեմուդեմ պատահում էր նրան և աչքերն ուղղում էր յուր վերա, ինքը երեսը շուռ էր տալիս, վախենալով թե` իսկույն մի նախատինք պիտի լսի այդ անցորդից: Նա մինչև անգամ ամաչում էր օրը ցերեկով փողոցի մեջ, բայց երկնքի տակ գտնվելու համար և անհանգրստությամբ շտապում էր մի գաղտնարանի մեջ ծածկվելու: Փուլշատյանի առանձնարանից դուրս գալու րոպերին նա միայն մի բան էր մտածում` դիմել յուր ծնողաց մոտ, հայտնել, որ ինքը կորած չէ, որ ինքը կենդանի է, և այսպիսով ուրախացնել նրանց... իսկ այժմ նա այդ մտքից անգամ սարսափում էր: Ի՞նչ երեսով գնալ յուր ծնողաց մոտ, ինչո՞վ արդարացնել յուր անհայտանալը...
Վերջապես նա վճռեց դեռ գնալ տիկին Բերնարի մոտ, այն կնոջ, որ յուր համար պատրաստեց այս հոգեկան տագնապը... Գուցե նա նրան մի ելք կսովորեցներ... ուստի և ուղղեց յուր քայլերը դեպի կարանոցը:
Կյուրակե լինելով՝ օրվան այդ ժամին կարանոցի մեջ ոչ ոք չկար: Թե՛ կարողուհիները և թե՛ ինքը՝ տիկին Բերնարը դուրս էին եկել զբսնելու. միայն պառավ աղախինն էր, որ յուր տիկնոջ առանձնարանի դռան առաջ պառկած քնած էր: Ելենան առանց նրան զարթնեցնելու, անցավ նախասենյակից և մտավ ա՛յն փոքրիկ սենյակը, ուր սովորաբար իրենց կարերով առանձնանում էին ինքը, Նինոն և Շուշանը կարողուհիների շաղակրատությունից և ափեղցփեղ խոսակցություններից ազատվելու համար: Նա տխուր և լռիկ նստեց յուր սիրելի անկյունում և ընկավ մտածողության մեջ:
Կարանոցի ամայությունն այժմ ավելի և ավելի զգալի էր դարձնում նրան յուր դրության ծանրությունը: «Անցյալ կյուրակե այս միևնույն ժամին ես էլ զբոսնում էի նրանց հետ», —մտածում էր խեղճ աղջիկիը. —«այն օրը ես ուրախ և անհոգ էի իմ ընկերուհիների նման, ոչ մի միտք ինձ չէր տանջում... իսկ այսօր... օ՜հ, ինչպես ծանր է. ինչպես անտանելի է... և այս բոլորը փոխվեցան միմիայն մի շաբաթվա մեջ … այսօր ես վախենում եմ մինչև անգամ մարդու երես դուրս գալու մարդու հետ խոսակցելու... իսկ իմ