աչքում ինձ խաղք ու խայտառակ շինեցիք և այսօր անամոթաբար դուրս եք քշում ինձ փողոց... Ասացեք ինձ, պարոն, ո՞ւր դիմեմ, ո՞ւր գնամ ես այսուհետև:
—Ի՞նչ եք սառել դուք, պարոն, ո՞վ է այս աղջիկը և ի՞նչ է ուզում ձեզանից, — կրկին հարցրավ գեղեցիկ տիկինը Սամվելից, որ հիմարացած և լուռ կռթնել էր սեղանին: Տիկնոջ ձայնը կարծես նրան սթափեցրավ և յուր տկար ախոյանին հաղթահարելու համար մի նոր ուժ տվավ իրեն. «Դո՛ւրս, դո՛ւրս գնա, քեզ ասացի», — դիմեց նա Ելենային և ձեռքից քաշելով կամենում էր զոռով արտաքսել նրան:
Ելենան կատաղությամբ խլվեցավ նրա ձեռքից և սուր ձայնով գոչեց․ «Ինձ զոռո՞վ ես կամենում դուրս անել, գարշելի արարած, բայց ետ դարձրու ինձ առաջ իմ պատիվը, որ գողացար, իմ անունը, որ անարգեցիր․․․», — և այս ասելով կատաղաբար խլեց նա սեղանի վրայից արծաթի հինգճյուղան աշտանակը և բոլոր ուժով զարկեց Սամվելի երեսին ու ագահությամբ դուրս թռավ դահլիճից:
—
Ես այլևս չեմ կարող հետևել նրան. ինձ համար շատ ծանր է այդ...
Բայց իմ ընթերցողներն անշուշտ կհետաքրքրվին իմանալ, թե ի՞նչ պատահեց իմ հերոսների հետ: — Ի՞նչ պետք է պատահեր. մի՞թե այդ հայտնի չէ:
Ելենան սովորական անձնավորություն չէր, եթե նա այդպիսին լիներ, այն ժամանակ նա կերթար այն ճանապարհով, որով իրենից առաջ գնացել են հազար հազարավորները... Բայց նրա ազնիվ և հպարտ հոգին չէր կարող տանել ամոթը և վիրավորանքը, նրա սիրտը թունավորված էր, և կյանքը կորցրել էր նրա համար յուր նշանակությունը... ամեն բարիք այժմ նրա աչքում երևում էր իբրև մի խաբուսիկ ստվեր... հուզված հոգին հանգիստ էր որոնում... նա այդ հանգիստը գտավ Քուռ գետի ալիքների մեջ...