Այս էջը հաստատված է

ավելացնում էր նրա գեղեցկությունը, չէր կարողանում հալածել այն անուշ տխրությունը, որը զգայուն աղջկա ճակատին դրոշմել էին ընտանեկան խռովությունները։ Նա ամբողջ օրը զբաղված էր տան հոգսերով, և երբեմն միայն խոսակցում էր Աշոտի հետ, երբ նա խանութից դառնում էր տուն հայտնելու համար, որ այն երեկո յուր վարպետը հրավիրված է «եղբայրներից» մեկի տունը։ Այս երիտասարդն էր մնացել միայն բոլոր բարեկամներից, որին մայրը և աղջիկը կարողանում էին բանալ իրանց սրտերը և հայտնել իրանց դեռ շատերին անծանոթ վշտերը...

Ահա այս պատկերն էր ներկայացնում ոսկերչի ընտանիքը նրա բողոքականություն ընդունելուց մի տարի հետո: Սակայն այստեղ էլ դեռ լրացած չէր այդ ընտանյաց թշվառության սահմանը, ճակատագիրը ավելի տխուր ապագա էր պատրաստել նրա համար:

Դ

Մի կիրակի առավոտ քարոզիչ Ավետիքը եկավ ոսկերիչի տունը և հայտնեց նրան, որ իրանց գլխավոր պաստորը Տփխիսից եկել է, ուստի ինքն էլ մյուս բոլոր «եղբայրների» հետ պիտի պատրաստվի նրա տեսության գնալու: Ոսկերիչ Գրիգորը նախ երկյուղ հայտնեց յուր տգիտությամբ մեծապատիվ պաստորի առաջ երևալու, բայց երբ Ավետիքը հարևանցի կերպով ծանոթացրավ նրան պաստորի անձնավորության հետ, հայտնելով, որ նա ինքը իսկ այս քաղաքացի է և հայտնի դպիր Ղազարի տղան է, որին յուր հայրը մանկության ժամանակ մի քանի ոսկով ծախել էր նեմենցներին, որոնց մոտ նա մնալով ուսել էր «տիրոջ խոսքը» և ստացել այս մեծ պաշտոնը, և թե նա բոլոր «եղբայրների» հետ իրանց հասկացած լեզվով պիտի խոսի, այն ժամանակ ոսկերիչը սիրտ առավ և հագնելով յուր պահեստի հագուստները, ընկերացավ քարոզչին։ Վերջինս նրան առաջնորդեց յուր տունը, ուր հավաքված էին բոլոր «եղբայրները»։ Իսկ այստեղից նրանք