բավական թվով շշեր դատարկվեցավ. ներկա եղողների կենացները խմվեցավ. այժմ մնում է նոր-նոր կենացներ հնարել:
Կարծեմ բանը «համքյարի հաստատության» կենացի վրա էր, երբ թամադան հրամայեց օգնական Դարչոյին, իրար վրա երկու բաժակ գինի խմացնել խարազ Օհանի տղին իբր պատիժ, նրա մի ինչ որ անհնազանդության համար: Դարչոն թամադայի հրամանը կատարելու փոխարեն, սկսավ պաշտպանել Օհանի տղին, երևի շարժված երախտագիտական զգացմունքից, որովհետև վերջինս էր, որ իրեն օգնականի պաշտոն տալ տվավ: Թամադան երկրորդ և երրերդ անգամ հրամայեց, բայց Դարչոն միշտ ընդդիմացավ նրան:
Սերգոյի իշխանական պատվասիրությունը առաջին անգամն էր վիրավորվում. նա համբերությունից դուրս եկավ:
— Քեզ հրամայում եմ, որ անպատճառ խմացնես, թե չէ, կվերկենամ և այդ երկու բաժակը քու գլխին կթափեմ:
— Ես էլ քեզ ասացի, որ չեմ խմացնում, որովհետև դու անիրավ տեղն ես պատժում նրան:
Սերգոն զայրացավ և տեղից թռչելով վերցրեց երկու լիքը բաժակները, և առանց աջ ու ձախ նայելու, թափեց Դարչոյի վերա: Վերջինիս երեսն ու սպիտակ չթե արխալուղը կարմիր ներկվեցան: Է՜հ, ի՞նչ եք կարծում, Դարչոն կդիմանա՞ր: Նա էլ վերցրեց գինով լիքը շիշը և շրխկ - Սերգոյի ճակատին:
«Վա՜յ, մեռա...» — գոչեց երիտասարդը և գլորվեց գետին:
— Քո տունը չքանդվի, Դարչո, մեր հացը հարամ արիր, — բացականչեցին ամեն կողմից տղերքը և թափվեցավ Սերգոյի վերա, որը ուշաթափվել էր: Երկար խեղճ երիտասարդները շփեցին նրան, ջուր սրսկեցին վրան և հազիվհազ մի կերպ սթափեցրին: Առաջին անգամ հենց որ Սերգոն աչքերը բացավ մի փորձ փորձեց յուր հակառակորդի վերա հարձակվելու բայց կրկին ուժասպառ գետին գլորվեցավ: Հարվածը խիստ զորեղ էր եղել:
Մեր տղորց քեֆը խանգարվեցավ. բոլորի սրտերն էլ կոտրվեց և սեղանը իսկույն հավաքեցին: Եվ որովհետև Սերգոյի դրությունը վտանգավոր էր երևում, շտապով դրին