Այս էջը հաստատված է

Երբ ասպարեզ է մտնում ամբողջ խմբի սիրելին, այդ ժամանակ ծափահարությունն էլ սրտաբուխ է, հիացմունքն էլ։

Վերջապես պարողների այս ընդհանուր ճգնաժամի միջոցին, չգիտեմ, ո՞ր աստծու օրհնածն էր, հանկարծ ձայն տվավ. «Հիմի էլ հերթը Մաշոյինն է»: Այդ ձայնը կարծես էլեկտրական ազդեցություն արավ ամբողջ շրջապատի վերա: Բոլորն էլ միաբերան գոՉեցին. «Մա՛շոն, Մա՛շոն»: Իսկ մեր ծանոթ Սերգոն, որ մինչև այն հափշտակվել և ընդարմացել էր գեղեցիկ աղջկա դաշնահարությամբ, քնից զարթածի նման այնպես բարձր «Մաշո» կանչեց, որ բոլորն էլ երեսները դեպի իրեն դարձրին, իսկ հեգնասեր աղջիկներից մի քանիսը մինչև անգամ ծիծաղեցին նրա վերա: Երիտասարդը իսկույն կարմրեց և գլուխը թաքցրավ ընկերոջ ետքում: Բայց պետք է խոստովանել, որ միայն նրա ձայնն էր, որ կարողացավ ազդել պարապետուհու վերա, թե չէ անպիտան պառավը էլի կպել էր մի ինչ-որ փոդրաթչի Ծղալոբի մեծ քթավոր կնկա օձիքից և նրան էր ուզում ներս քաշել՝ ի ցավ և ի վիշտ շրջապատող երիտասարդների։

Այսքան ձայների և աչքերի առաջ՝ անկարելի էր, որ Մաշոն անտարբեր մնար․ իսկույն մի վարդագույն կարմրություն պատեց նրա երեսը, և նա աշխատեց ծածկվիլ վրանի ետքում․ բայց պարապետուհին վրա հասավ։ - «Մի՛ փախչիր, պտիս պարի»,- ասաց նա և ձեռքիցը բռնելով քաշեց դեպի իրեն։

Դահիրան ու հարմոնը ձեռք առին երկու ուրիշ աղջիկներ, որոնք նույնպես վարպետ դաշնահարներ էին և խիստ տակտով սկսան «լեզգինկան»: Գեղեցիկ Մաշոն ասպարեզ իջավ, ուրախության ձայները և ծափահարությունները օդը թնդացրին: Հանդիսատեսների խումբը հետզհետե սկսավ ստվարանալ, իսկ ուրիշ կողմերում պարերը դադարեցին: Մաշոն սկսավ պարել. բայց ի՞նչպես էր պարում. իհարկե դժվար է նկարագրել. արժեր, որ իմ ընթերցողները անձաբ ներկա լինեին այնտեղ: Նրա քնքշիկ ոստյունները, մերթ հապճեպ և մերթ ծանր շրջադարձը, նրա թրթռուն պտույտները և վերջապես գողտրիկ ձեռների շարժումները այնքան ճարտար, այնքան հաշված և գրավիչ էին, որ անկարելի էր