Այս էջը հաստատված է

չհիանալ նրանով։ Ամբողջ քառորդ ժամ նա պարեց, բայց երբ վերջի պտույտը ավարտելով կամեցավ շրջապատից դուրս գա, իրմով կախարդված և սիրահարված խմբակը ոչ մի տեղից ճանապարհ չտալով ընդհանուր աղաղակներով ու ծափահարությամբ ստիպեց նրան կրկին պարել։ Մաշոն ընդդիմանալ չկարողացավ և սկսավ նորից յուր պարը, բայց խեղճը չափից դուրս վաստակած լինելով, շատ փոքր ժամանակ կարողացավ հաճույք պատճառել յուր խմբակին, և մի քանի պտույտներից ետ շառագունած և քրտնաթոր թողեց ասպարեզը։

Դաշնահարությունը իսկույն դադարեց, որովհետև նրանից հետո էլ ո՞վ կհանդգներ պարել, կամ ո՞վ մտիկ կտար այդ պարողին։

— Ալեքսի, քո տունը չքանդվի. սա ո՞ւմ աղջիկն է. սա ինսա՞ն է, թե հրեշտակ, — հիացմամբ հարցրավ Սերգոն յուր հարևան երիտասարդից, երբ պարողների խումբը ցրվեցավ։

— Չգիտեմ, Սերգո, ես էլ քեզ էի ուզում հարցնել։

— Է՜հ, ի՞նչ դառաւվ... — դժգոհությամբ պատասխանեց Սերգոն և անցավ ուրիշ կողմ, որ գուցե կարողանար մի ուրիշ ծանոթից իմանալ այդ բանը։


Դժբախտաբար այնպիսի բազմաճանաչ ծանոթներ էլ չկային և եղածներն էլ, մի որոշ բան ասել չկարողացան նրան։ Իսկ կանանց մոտենալ և հարցնել Սերգոն ամաչում էր, մանավանդ, երբ նկատել էր, որ մի քանի աղջիկներ յուր վերա մատնացույց անելով` «ա՛յ, սա էր Մաշո կանչողը» ասելով, կրկին ծիծաղել էին։

Այսուամենայնիվ երիտասարդը եկեղեցու բակից շուտով չհեռացավ, և անընդհատ պտույտներ անելով աշխատում էր որքան կարելի է շատ անգամ տեսնել գեղեցիկ Մաշոյին։

Վերջինս էլ կարծեմ նկատել էր այդ բանը, և թեպետ յուր սիրուն հայացքներին շատ չէր արժանացնում Սերգոյին, այսուամենայնիվ պատահած ժամանակ, եթե մի անգամ աչքի տակովը նայում էր նրան խեղճ երիտասարդը, հարյուր անգամ գնում էր էն կյանքը ու մեկ էլ ետ գալիս։

Իսկի չծիծաղես մեր Սերգոյի վերա, սիրելի ընթերցող։ Սա կյանքի մեջ հաճախ պատահող ա՛յն երևույթներից մինն