Այս էջը հաստատված է

Ե

Դարչոն յուր մոր և քրոջ հետ նստած դեռ թեյ էր խմում, երբ հանկարծ Սերգոն ներս մտավ: Սարսափը տիրեց ամբողջ ընտանիքն. Դարչոն ու Մաշոն անգիտակցաբար տեղերներից վեր թռան և պաշտպանողական դիրք բռնեցին. Քեթևանը մինչև անգամ մի թեթև ճիչ արձակեց: Բայց Սերգոն թույլ չտվավ, որ նրանց երկյուղը շարունակվի. նա մի քանի քայլ առաջանալով հանկարծ չոքեց Դարչոյի առաջ և անկեղծ սրտից բխած աղաչավոր ձայնով ասաց. «Դա՛րչո, քո հոգուն մեռնեմ. եկա որ մեղա գամ քեզ մոտ, և իմ գործած անիրավությունների համար թողություն խնդրում քեզանից: Ես մեղավոր եմ քո առաջ. ես այդ խոստովանում եմ. բայց դու ազնիվ տղա ես. ինձ պետք է ներս և պետք է հաշտվես ինձ հետ, թե կուզես ոտքդ էլ կհամբուրեմ...»: Այս ասելով նա մինչև անգամ խոնարհեց, որ Դարչոյի ոտքը համբուրե: Դարչոն զարմացած ետ քաշվեց. նա այդ բոլորից ոչինչ չէր հասկանում, նա չէր հավատում յուր աչքերին:

— Դարչո ջան, զարմանում ես հա՛, — կրկին խոսեց Սերգոն, — իրավունք ունիս, ե՛ղբայր, իրավունք ունիս ինձ չհավատալու: Աստծուց թաքուն չէ, քազանից ի՞նչ թաքցնեմ ես քեզ հետ մինչև այժմ արյան թշնամի էի, և կամենում էի քեզ ոչնչացնել. այս դու ինքդ էլ գիտես. բայց այսօր մի բան պատահեց, որ ինձ սաստիկ զղջալ տվավ իմ բոլոր արածների վերա. ես այժմ ինձ չեմ ներում, բայց աղաչում եմ քեզ դու ների՛ր և հաշտվի ինձ հետ…

Դարչոն մոտեցավ յուր նախկին ընկերոջը և նրա ձեռքից բռնելով.

— Վեր կա՛ց, Սերգո, մենք կանգնած է՛լ միմյանց կարող ենք լսել,— ասաց նա և երբ վերջինս ոտքի ելավ, շարունակեց. — Ճշմարիտն ասա, Սերգո, սրտով կամենում ես հաշտվե՞լ ինձ հետ, թե՞ էլի մի չարություն ունիս մտքումդ:

— Դարչո ջան, ես ոչնչով չեմ երդվում, բայց հավատացիր, որ անկեղծ սրտով կամենում եմ հաշտվել քեզ հետ. իմ