առանց բացառության, պիտի խոնարհեն բոլոր ապստամբ, բայց զգայուն ոգիները…
Սերգոն յուր պատմությունը վերջացնելուց ետ ամենայն պարզությամբ հայտնեց և յուր միտքը, որնա կամենում էր Մաշոյի հետ ամուսնանալ:
Այս առաջարկութունը մի փոքր շվարացրեց թե՛ Քեթևանին և թե՛ Դարչոյին: ԵՎ իրավ, ի՞նչպես կարող էին նրանք մի այդպիսի շուտափույթ վճիռ կայացնել իրենց աղջկա ապագայի մասին: Բայց ամեն դժվարություն լուծեց ինքը՝ գեղեցիկ Մաշոն: Երբ Քեթևանն ու Դարչոն Սերգոյի առաջարկության պատասխանեցին թե՝ «այդ բանը պետք է դեռ Մաշոյից հարցնենք և առաջուց նրա հաճությունը առնենք», Մաշոն, որ մինչև այն ծածկված էր ինքնաեռի ետքում, առաջ անցավ և լուրջ ու վճռական ձայնով ասաց. «Ես համաձայն եմ»:
—Եթե այդպես է, աստված շնորհավոր անի,— ասաց Քեթևանը,— ես չեմ ընդդիմանում:
—Աստված շնորհավոր անի,— կրկնեց Դարչոն և սեղմեց Սերգոյի ձեռքը: Մի քառորդ ժամից ետ Դարչոյի և Սերգոյի հին ու նոր համփսոնները և ազգականները հավաքվեցան այդտեղ: Սազանդարները կարծես գետնի տակից բուսան: Եկավ այդտեղ և տեր-Մինասը, որ երիտասարդ զույգերի նշանը օրհնեց և այնուհետև քեֆը սկսավ: Բայց ի՜նչ քեֆ: Մի կողմից երկարամյա խռովության վերանալը և երկու բարեկամների հաշությունը, և մյուս կողմից գեղեցիկ զույգերի նշանադրությունը: Կարող եք այժմ երևակայել, թե ինչ տեսակ քեֆ պետք է լիներ մեր թիֆլիսցի քաջերի հնարածը:
Շշեր էին, որ հաջորդում էին միմյանց և կենացներ, որոնք դատարկվում էին մեկը մյուսի ետևից: Երգերին ու պարերին խո չափ ու սահման չկար: Հավլաբարի ա՛յն թաղը, ուր Դարչոյենց տունն էր, ամբողջ գիշեր թնդում էր ուրախության ձայներից: Շատ ընտանիքներ էլ, որոնք այդ քեֆին մասնակից չէին, այնուամենայնիվ ստիպվեցան մասնակցողների հետ հազիվ առավոտը քնել, որովհետև սրանց աղաղակները կատարելապես խանգարում էին նրանց: Առավոտյան դեմ ամեն բան հանդարտ էր: