Այս էջը հաստատված է

ավետարականություն ընդունելու համար նվեր մի միահարկ տուն, արժողությամբ 490 ռուբլիէ

Սրանից հետո նշանակված էին մանր պարտապանների անունները կամ փոքր գումարով արված նվերները։ Սրանք այնքան աննշան էին, որ երկար թվումն մասանց անել ավելորդ է, կհիշենք միայն մի քանիսը: Օրինակ, Ծառաձագ գյուղացի Կարապետին նվիրված էր 26 ռուբլու արժողությամբ մի էշ, խառատ Հովսեփին 90 ռուբլու արժողությամբ հյուսնի գործիքներ, Բալլու գյուղացի Մկրտչին փոխ տված էր 60 ռուբլի, երկու ջրաղացի քարեր գնելու համար. այսպես իմացիր և մնացածները։

Ներկա եղող երեսուն և երկու հոգուց միայն հինգ հոգի կային, որոնք «եղբայրություն» էին ընդունել առանց որևէ նյութական նպաստ ընդունելու։ Դրանցից մինը ոսկերիչ Գրիգորն էր։

Պարոն պաստորը այս վերջիններին առավել մեծարանքով ընդունեց և ամեն տեսակ հարգանաց և գովեստի արժանի հայտարարեց նրանց։

Հետո նա սկսավ խոսել մի բավական ընդարձակ ճառ, որի մեջ գլխավորապես ձգտում էր հասկացնել «եղբայրներին» թե նրանք ինչ մեծ և աստվածահաճո գործի են իրենց ավետարանականություն ընդունելով, և թե որքան նեղություններ և վշտեր պետք է կրեն իրանց այդ ընտրած ճանապարհով անհողդողդ առաջ գնալու համար, թե որքան դժվարությանց պիտի հանդիպին և թե որպիսի բարոյական ուժ պիտի գործ դնեն այդ դժվարությանց հաղթելու համար:

«Դուք,— ասում էր պաստորը, — բախտավոր եք նրանով, որ առաջինն եք այդ լուսավոր ճանապարհի վերա ոտք դնողները: Դուք կանչված եք նրա դժվարությունները հաղթելու և մաքրելու ձեր ապագա սերունդի համար։ Այդ իսկ պատճառով էլ դուք առավելապես պիտի վարձատրվիք երկրում առաջին նահատակների փառավոր անունը և երկնքում «տիրոջ» արքայությունը ժառանգելով։ Բայց որովհետև ձեզանից մի քանիսը, ինչպես մեր քարոզիչ եղբայրը ինձ հայտնեց դեռ ձեր ընտանիքը ձեր լուսավոր ճանապարհի վերա հանելու չեք հաջողած, այդ պատճառով ձեր զոհաբերությունը